Դիլիջանում միջազգային դպրոցի ստեղծման համար հարկային արտոնություններ սահմանելու օրինագիծ է քննարկվում... Լավ է, որ մի խումբ բանկիրներ, մեր արտասահմանյան վարկերի հաշվին միլիարդատեր դարձած մարդիկ, նրանց թիկունքին կանգնած վարչապետը կամենում են մեծացնել ներդրումների հոսքը: Սակայն նույն այս կառավարությունն անընդունելի է համարում աղետից տուժած և օրավուր դատարկվող Գյումրի քաղաքին հարկային արտոնություններ սահմանել: Ուրեմն, հերթական անգամ՝ «Կեցցե կատուն, որ իր փորի համար մուկ է որսում»:
Այս քննարկումների խորապատկերին հիշենք ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթից մի հատված. «Ասում եք, որ մենք դեմ ենք ներդրումներին, ոչ, ի սեր Աստծո, ներդրումները լավն են: Այս սեպտեմբերին, այս սոցիալական լարված վիճակում բարձրացնում եք բուհերի վճարները մինչև 2500 դոլար: Էլեկտրաէներգիան 45 տոկոս գումարայինով ավելանում է, պարզ է՝ գնաճը գնալու է, սոցիալական լարվածությունն ավելանալու է, և դրան զուգահեռ ավելացնում եք մինչև չգիտեմ 2500 դոլար վճար, ու այն պատճառաբանությամբ, որ դասախոսների աշխատավարձները բարձրանան, բայց մնացածներն ընդունվելու խնդիր չունե՞ն: Արտասահմանյան ուսանողներ եք ուզում ներգրավել, ասեք խնդրեմ՝ ո՞ւր են Սիրիայից, արաբական երկրներից, Պարսկաստանից, Վիետնամից, Հնդկաստանից եկող ուսանողները, որոնք փող էին բերում, ո՞ւր են, չկան»:
Հասկանալի է դառնում, որ այս անգամ ևս ոմանք ցանկանում են արտոնություններ ստանալ, ինչ-որ շահեր հետապնդել:
Իսկ ահա խեղճուկրակ Գյումրու և գյումրեցու մասին մտածող չկա: Գուցե մեր կառավարությունը ծածուկ Գյումրին վաճառե՞լ է ռուսական ռազմաբազային, դրա համար էլ ամեն ինչ անում է, որպեսզի օր առաջ դատարկվի այս քաղաքը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել