Mediamax.am-ը գրում է.

Փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, իսկ մեկ տարի հետո՝ 2019 թվականին, նշելու ենք Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակը՝ այս անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով: Ուզում ենք հավատալ, որ իսկապես ըստ արժանվույն կտոնվի Թումանյանի ամյակը՝ փորձելով այդ կերպ փոխհատուցել այն մեծ սերն ու նվիրումը, որ բանաստեղծը ողջ կյանքի ընթացքում անմնացորդ տվել է հայրենիքին:

Թումանյանն այն եզակի գործիչներից է, ում գրական հարստությունը նույնքան անժխտելիորեն բացառիկ է ու մեծ, որքան նրա մարդկային կերպարը: Թումանյանի կյանքի բազմաթիվ դրվագներ կարծես մեկտեղվում, զուգահեռվում են հայ ժողովրդի ճակատագրի հետ: Բանաստեղծն ապրում էր իր ժողովրդի համար բարդ ու դաժան ժամանակներում եւ ամբողջովին կիսում էր հային բաժին հասած յուրաքանչյուր դառնություն: Կիսում էր ոչ միայն ինքը, այլեւ նրա ամբողջ ընտանիքը:

Նրա չորս որդիներն էլ զինվորներ էին, չորս դուստրերն էլ՝ գթության քույրեր:

 

Սրա լավագույն ապացույցը Անդրանիկին ուղղված Թումանյանի նամակն է, որտեղ նա հայտնում է, որ պատրաստ է նվիրաբերելու ամենակարեւորը, ինչ ունի կյանքում.

 

«Սիրելի՛ Անդրանիկ, ահավոր մոմենտի առջեւ ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի եւ կարող է` թե՛ վերահաս վտանգը կանխելու, թե՛ բաղձալի խաղաղության հասնելու համար: Ես չորս տղա ունեմ, չորսն էլ Երկրի կառավարության Ազգային խորհրդի եւ քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկներս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն»:

 

Իրեն հատուկ հեռատեսությամբ եւ զգայունությամբ բանաստեղծը դեռեւս 1913 թվականին կանխատեսել էր 1915 սարսափները՝ գրելով.

 

«Թուրքիան կդիմի ամենահրեշավոր միջոցներին` վերջ դնելու հայ ժողովրդին իր հարցի հետ միասին»:

Հովհաննես Թումանյանի արծաթյա նոթատետրը Հովհաննես Թումանյանի արծաթյա նոթատետրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այո, Թումանյանը լավ էր ճանաչում թուրքին: Ոտքով անցնելով ողջ Կովկասյան ռազմաճակատով՝ նա անձամբ էր ականատես եղել թուրքերի եւ քրդերի կատարած վայրագություններին՝ թողնելով այնպիսի սահմռկեցուցիչ գրառումներ իր նոթատետրում, որոնք մեկ դար անց անգամ անհնար է կարդալ առանց սարսափահար լինելու:
 
Զարկվա՜ծ հայրենիք,
Զըրկվա՜ծ հայրենիք։
 
Որբերի հայրիկը
 
Կովկասյան ռազմաճակատի անմարդկային տեսարանները դեռ աչքի առջեւ, ծանր ապրումների մեջ, կես մարդ դարձած Թումանյանը հասնում է Թիֆլիս, որտեղ բժիշկները նրան խորհուրդ են տալիս անմիջապես մեկնել որեւէ առողջարան կազդուրվելու: Առողջարանի գումար նա չուներ եւ այդ պատճառով ընկերոջ խորհրդով գնում է Թաբախմելա ամառանոց, որտեղ հույս ուներ մի փոքր հանգստանալու եւ ավարտին հասցնելու իր «Հազարան բլբուլ» գործը, ինչը չհաջողվեց անել, քանի որ ընդամենը երկու-երեք օր անց վրա հասավ Եղեռնի եւ ավերիչ գաղթի գույժը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել