

«Այն հայտարարությունները, գործընթացները, որոնք օրինական են՝ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության սահմաններում տեղավորվում են, ինձ համար ընդունելի են, հակառակը՝ մերժելի»,-ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան Սյունիքի մարզպետարանի կողմից Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մանրամասների հրապարակման վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակցի հարցի:
«Քանի որ դա իրավական տիրույթի խնդիր է, և դատախազությունն էլ անմիջապես արձագանքեց, ես չեմ ուզում մտնել դրա մեջ»,-ընդգծեց Է.Շարմազանովը:
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը ևս կարծում է, որ խնդիրն իրավական հարթությունում է:
«Մարզպետարանը խնդիր չուներ այդպիսի բան անելու. դա մարզպետարանի գործառույթների և պարտավորությունների մեջ չի մտնում: Մարզպետարանը չունի գործառույթ, որ դեպքի կապակցությամբ տարածի տեսագրություն, նույնիսկ վերլուծություն անի, դա կարող են անել միայն իրավապահ մարմինները: Տեսագրություն տարածել-չտարածելը, ինչպես նաև մեկնաբանություն անելը նրանց խնդիրն է»,-ասաց Ս.Մարգարյանը՝ հավելելով, որ մարզպետարանի գործողությանը գնահատական կարող են տալ իրավապահները՝ խանգարել է այդ հրապարակումն իրենց, թե՝ ոչ: