
«Իմ երեխան և նրա հետ ևս 200 հայ, այդ թվում՝ հղի կանայք, երեխաներ, տարեցներ ու ապագա զինծառայողներ, բոլորը միասին «պլեն» են մնացել, «պլեն» բառի ուղիղ իմաստով, ռուսների և աբխազների ձեռքին, իսկ ՀՀ կառավարությունը, մեր արտգործնախարարությունը բացարձակապես անգործությամբ է զբաղված, չի կարող երաշխավորել անգամ իր քաղաքացու վերադարձը Հայաստան արդեն 4-5 ամիս»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց գյումրեցի Սիլվա Մարուքյանը, ով այսօր եկել էր «ԳԱԼԱ» հեռուստաընկերություն՝ ներկայացնելու, որ արդեն 5 ամիս իր որդին՝ Արկադի Մարուքյանը, գտնվում է Աբխազիայում, չունի մնալու տեղ, աշխատանք և ապրելու հնարավորություն, չունի նաև վերադարձի հնարավորություն:
«2012 թ.-ին տղաս մեկնեց Սոչի՝ աշխատելու նպատակով, որովհետև մեզ մոտ գործ չկար: Սակայն այնտեղ էլ ինչ-ինչ պատճառներով աշխատանքի հարցը չլուծվեց, երեք ամիս Սոչիում է մնացել, հետո, որպեսզի կարողանա երկարացնել միգրացիոն քարտի ժամկետը, նորից անցել է Աբխազիա ու Աբխազիայում միգրացիոն քարտը փորձել է երկարացնել: Որից հետո Ռուսաստանը չի թողել ու մինչև հիմա էլ՝ արդեն 5 ամիս չի թողնում, որ Աբխազիայից մտնի Ռուսաստան: Լավ, մեզ Ռուսաստանը պետք չէ, տղաս գոնե կարողանա գալ Հայաստան, թող ճանապարհեն, գա Հայաստան, իսկ Հայաստան գալու ոչ մի ճանապարհ չկա, Վրաստանով ճանապարհ չկա, սահմանը փակ է, միակ ելքը Ռուսաստանից է դեպի Հայաստան, բայց ռուսական կողմը չի թողնում, արդեն 5-րդ ամիսն է՝ երեխան մնացել է Աբխազիայում: Դիմել ենք շատ պաշտոնյաների, Սոչիի իշխանություններին, Սոչիում ՀՀ հյուպատոսություն, ինչպես նաև՝ Մոսկվայում գտվող ՀՀ դեսպանատուն, իսկ ՀՀ ԱԳՆ արդեն 5-րդ ամիսն է՝ մեզ ամեն օր ասում են, որ մենք բանակցությունների մեջ ենք, հետաքրքրվում ենք, ամեն ինչ անում ենք, մեր քաղաքացիներին չենք թողնի: Բայց կոնկրետ իրանք ոչ մի բան էլ չեն արել, պոստին քնել են»,-ասաց գյումրեցի Սիլվա Մարուքյանը:
Տիկինը դժգոհեց նաև, որ որդին այնտեղ՝ Աբխազիայում, կեցության խնդիր ունի, չունի տուն, աշխատանք և Գյումրուց գումար են ուղարկում, որ կարողանա գոյատևել, մինչև ՀՀ իշխանությունները կազմակերպեն իրենց ժողովրդի վերադարձը:
«Հիմա այնտեղ ապրելու, աշխատելու խնդիր ունի, ոչ աշխատանք ունի, չունի նաև տուն, վարձով տուն է վերցրել, մենք ենք փող ուղարկում, որ ապրի: Ստեղից բանկով գումար ենք ուղարկում Սոչի, որ ստանան ու ուղարկեն իրեն:
Անձամբ ինձ ՀՀ ԱԳՆ-ից ասել են, որ միայն իմ որդին չէ, 200 հոգուց ավելի մարդ այդ կարգավիճակում է: Նրանց մեջ կա հղի կին, երեխա, զինակոչի ենթակա տղաներ կան, այդ ինֆորմացիան մեզ ԱԳՆ է տվել: ԱԳՆ ինձ ասում է, որ իբր մի բան էլ լավություն է արել՝ իմ տղային մտցրել են 8 ամիս առաջ դիմում տվածների ցուցակի մեջ, որ շուտ գա, բայց ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն, իմ որդին ներկա պահին «պլենի» կարգավիճակում է»:
«ԳԱԼԱ»-ն խնդրի մասին տեղեկություններ ճշտեց ԱԳՆ լրատվության ծառայությունից, որտեղից մեզ փոխանցեցին, որ խնդիրը հայկական կողմից կախված չէ, այլ՝ ռուսական: ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը փոխանցեց հետևյալը.
«Սովորաբար այդ հարցերը մամուլի միջոցով չեն կարգավորվում: Եթե մարդիկ դիմել են ԱԳՆ, հաստատ ընթացք տրվել է: Հիմա կոնկրետ ես այդ տեղեկությանը չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ հյուպատոսական վարչությունը զբաղվում է նմանատիպ հարցերով: ԱԳՆ ձեռքը չէ, որ լուծի այդ խնդիրը: ԱԳՆ համապատասխանաբար պիտի դիմի ՌԴ գործընկերներին: Մենք չենք կարող լուծել: Դա նշանակում, է, որ չպիտի խախտեն օրենք, իսկ եթե խախտել են, պիտի փորձենք օժանդակել, բայց միայն մեզանից չի կախված: Միգրացիոն ժամկետի լրացումը օրենքի խախտում է, բայց նմանատիպ հարցերով զբաղվում է մեր հյուպատոսական վարչությունը: Զբաղվում ենք, բայց հստակ ժամկետներ չկան: Այնպես որ, քանի որ մեզանից կախված չէ, մենք հստակ ժամկետներ նշել չենք կարող»,-ասաց Տիգրան Բալայանը: