
В вопросах совести закон большинства не действует. Мохандас Карамчанд ГАНДИ
Հարգելի հանրապետականներ, «լավ, մեզ չեք խղճում՝ հասկացանք, քանի որ «ուժեղների համար օտարին խղճալը ավելորդություն է» սկզբունքով եք շարժվում», այդ դեպքում գոնե ձերոնց խղճացեք: Թե չէ ի՞նչ է ստացվում, ամբողջ տարին 12 ամիս «դուխ» եք տալիս ձեր մարզպետերին, քաղաքապետերին….և այլն, հետո նրանք այդ «դուխից» ոգևորված այնպիսի ճակատագրական սխալներ են կատարում, որ նույնիսկ դուք դրանից հետո «շվարած» կանգնում եք և չգիտեք, թե ինչպես փրկեք ձեր սաների: Նայեք՝ այս կարճ ժամանակամիջոցում ինչքան դեպքեր եղան` սկսած Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքարի» պատմությունից, վերջացրած Սուրեն Խաչատրյանի պատմությամբ: Հա, այստեղ ես քիչ էր մնում մոռանայի Վարդան Ղուկասյանի հերոսությունների մասին:
Այստեղ ամենազարմանալին գիտե՞ք՝ որն է, որ ամեն նմանատիպ դեպքերից հետո, դեպքեր, որոնք զարգացած երկրներում պատճառ կհանդիսանային մի ամբողջ կառավարության հրաժարականի, ձեր ռեյտինգը, ըստ ընտրությունների արդյունքների, ոչ թե իջնում է, այլ «բարձրանում» է: Միգուցե սա է պատճառը, որ դուք նմանատիպ դեպքերին այդքան էլ սրտացավ չեք վերաբերվում:
Իսկ ավելի հեշտ չէ՞ր լինի մինչև հերթական արյուն թափվելը այդ մարդկանցից ազատվեիք, չէ՞ որ դրանով դուք առաջին հերթին նրանց անունը գոնե կպահպանեիք, թե չէ ի՞նչ է ստացվում, տասնյակ տարիներ ծառայեցին ձեզ, հիմա պախարակված ման են գալու:
Իհարկե, դուք այս տողերը կարդալով կարող եք ասել՝ ամեն մարդ պատասխան է տալիս իր կատարած մեղքերի համար, սակայն այստեղ դուք մի փոքր կսխալվեք, քանզի եթե ի սկզբանե այս մարդիկ չստանային այն «դուխ»-ը, հիմա իրենք ավելի համեստ կեցվածքով կշարունակեին ղեկավարել: Իսկ եթե նրանց տեսակն է այդպիսին, ապա ի՞նչ գործ ունեն այդ տեսակի մարդիկ իշխող կուսակցության շարքերում: Տեսնո՞ւմ եք, հետևելով այս տրամաբանությանը՝ կարելի է եզրակացնել, որ ձեր մեղքի բաժինն էլ քիչ չէ նրանց ճակատագրերի մեջ:
Հ.Գ. Հիմա էլ ուշ չէ, կան մարզեր, քաղաքներ, որտեղ կան նմանատիպ մարդիկ, և փառք Աստծո, այնտեղ դեռ արյուն չի թափվել, միգուցե այսօր նրանցից ազատվելով՝ կփրկեք նրանց և ժողովրդին:
hartak.am