
Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը կայացավ շաբաթ օրը: Նիստից հետո ամենահետաքրքրական բացահայտումը Փակ շուկային էր վերաբերում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բացահայտեց, որ Փակ շուկայի սեփականատերը ցանկանում էր բազմաբնակարան շենք կառուցել, ինչն արգելվել է, և ուրբաթ օրվանից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում: Նա նշեց, որ քաղաքապետարանում նման նախագիծ ընդհանրապես չի քննարկվել:
Այս մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ: Նա նախ զարմացավ տեղեկությունից, թե Փակ շուկայի սեփականատերը ցանկացել է բազմաբնակարան շենք կառուցել: Նրա գնահատմամբ՝ «ավելի աբսուրդ ցանկություն և ծրագիր չէր էլ կարող լինել»: Ճարտարապետի խոսքերով՝ սա ընդամենը խոսում է անօրինականության և օրենքի գերակայության բացակայության մասին:
«Եթե յուրաքանչյուր մարդ օրինապաշտ լինի, մենք խնդիրների առջև չենք կանգնի: Այնպես չէ, որ օրենքում որևէ դրույթ, կարգավորում չկա, և մենք հայտնվել ենք անհասկանալի վիճակում: Թեև օրենսդրական փաթեթներ կան և իրավաբանության, և քաղաքաշինության մեջ, մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ օրենք չկա: Այդպիսի օրենսդրական փաստաթուղթ չկա, որը կանոնակարգում է մշակույթի գործունեությունը: Իսկ քաղաքաշինական ցանկացած խախտում անդրադառնում է ողջ հանրության վրա: Մարդիկ իրենց վիրավորված են զգում, քանի որ իրենց ապրելու միջավայրի ցանկացած փոփոխություն պետք է լինի օրենքով ամրագրված և կարգավորված, իսկ Փակ շուկայի տեղում բազմաբնակարանային շենք կառուցելու ցանկությունը աբսուրդ է: Դա նույնն է, ինչ հրապարակի կենտրոնում բազմահարկ շենք կառուցելը: Ի՞նչ կլիներ: Կկառուցվեր, մարդիկ էլ կգնային մեջը կապրեին, բայց մարդիկ կշարունակեի՞ն մնալ հայ կամ հպարտանալ Հայաստանով»,- նշեց Սաշուր Քալաշյանը՝ հավելելով, որ երբ մարդն իրեն օրենքից դուրս է դասում, սկսում է իրագործել իր երազանքները կամ տպավորությունները, պատկերացումները, ստացվում է այնպես, ինչպես այսօր է:
Ըստ ճարտարապետի՝ Սամվել Ալեքսանյանը կարծում է, որ իրեն ամեն իրավունք տրված է, և մնացյալն իրավունք չունեն ձայն հանելու, իսկ եթե քաղաքապետը հպարտանում է, որ կանխել է այդ մտադրությունը, ուրեմն դրական է, քանի որ իր ազդեցությունն է ունեցել բարձրացված աղմուկը: Սաշուր Քալաշյանի խոսքերով՝ եթե քաղաքապետը գնացել է այդ քայլին՝ կանխել է Սամվել Ալեքսանյանի ցանկությունը, ուրեմն նախագահն է իրեն ասել, որ այդպիսի քայլի գնա: «Ես չեմ կարծում, որ ինքն այնքան ուժեղ է, որ կարողանար օրենքով նախատեսված իր գործառույթներն իրականացներ»,- նկատեց ճարտարապետը:
Անդրադառնալով այս օրերին Փակ շուկայի տարածքում մեկնարկած ապամոնտաժման աշխատանքներին՝ նա ասաց, որ քանդվում է այն, ինչ տանիքից բարձր է: «Բայց մեր աղմուկը դրա՞ն է վերաբերում: Մենք ասում ենք, որ վերադարձնեն մեր շուկան, իսկ իրենք ասում են, որ քանդում են այն, ինչ տանիքից բարձր է: Երեք-չորս սյուն բարձր է, քանդեցին, բա հետո՞: Դրանով լուծվե՞ց հարցը: Այն, ինչ այսօր կա, նույնիսկ դրանից է հնարավոր վերադարձնել Փակ շուկան: Ես կարծում եմ, որ այս հայտարարությունները ոչինչ չեն նշանակում, և մենք մտահոգված ենք, կարծում ենք, որ մինչև վերջ պետք է պայքարել Փակ շուկայի վերականգնման համար, իսկ ով կլինի սեփականատերը՝ նշանակություն չունի»,- ասաց Սաշուր Քալաշյանը, ապա հավելեց, որ Փակ շուկայի ճակատագրով մտահոգված քաղաքացիները պայքարում են, որ մեր ազգային մշակույթը չանէանա ու չաղճատվի: