Այսօր Ստամբուլի Թաքսիմի հրապարակում ծավալվող գործողությունները վերաճել են թուրքական իշխանությունների համար առավել քան աննպաստ հայամետ երիտասարդների ակտիվության, ովքեր պատրաստվում են հուշակոթող բացել՝ նվիրված 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայերի ցեղասպանությանը: Ակտիվ երիտասարդներից մեկը, ով խրախուսում է այս նախաձեռնությունը, իմ ընկերներից է՝ ծագումով քուրդ Մեհմեդ Սալիհ Տատլինը: Մեհմեդը Հայաստան էր ժամանել անցյալ ամիս՝ մասնակցելու Դիլիջանում Եվրոպական Միության կողմից կազմակերպված թրեյնինգին: Հատկանշական է, որ երբ վերջին օրը բոլոր երկրների երիտասարդները հետաքրքրված էին մայրաքաղաքում ժամանցի վայրեր այցելելով, թուրք մասնակիցները գնացել էին Ցեղասպանության թանգարան: Վերադառնալուց հետո նա ինձ մոտեցավ կիսաթաց աչքերով և մտամոլոր խնդրեց, որ ձեռքս տամ, ինչից հետո խոնարհվեց ու ներողություն խնդրեց իր նախնիների կատարած ոճրագործության համար: Մեկշաբաթյա մեր շփման ընթացքում ես շատ բաներ իմացա այն ներքին տարակարծության մասին, որ այժմ տիրում է Թուրքիայում:

Առաջին օրերին նկատելով, որ ես փոքր-ինչ խորշում եմ իր ներկայությունից, Մեհմեդը ինձ պատմեց, որ այցելել է Ախթամարի եկեղեցին և հավելեց մի շարք մարամասնություններ, որոնք ինձ համար գոնե զարմանալի էին այն առումով, որ լինելով թուրք այդքան տեղեկացված է մեր կրոնից և պատմությունից: Այս ծանոթության արդյունքում մեղացավ այն ատելությունը, որն առանձնակի կերպով տածում էի թուրքերի հանդեպ: Ես փորձեցի այլ կերպ տեսնել երևույթը, որին տարիներ շարունակ դատապարտել եմ՝ անձնավորելով այն յուրաքանչյուր թուրքի օրինակով: Սակայն նույն Մեհմեդի օրինակով ես հասկացա, որ այսօրվա թուրք երիտասարդները իսկապես ամաչում են իրենց նախնիների գործած սխալների համար և ամեն պատեհ առիթով պատրաստ են ընդունել և ըմբոստանալ իշխանությունների դեմ նման ժխտողական քաղաքականության համար: Լիահույս եմ, որ այսօրվա հուշակոթողը կլինի այն հիմնաքարը, որով ցեղասպանությունը համաշխարհային ճանաչում կստանա:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել