![]() |
| Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Յուրաքանչյուր հանցագործություն ըստ իր ծագումնաբանության առաջացման բազմաթիվ պատճառներ ունի, եւ քանի որ այդ պատճառները շատ հաճախ ձուլվում, խառնվում են մեկը մյուսին, ապա հարկ չկա դրանք քննարկել յուրաքանչյուրն առանձին-առանձին:
Հասարակական-սոցիալական շատ խնդիրների, պրոբլեմների շարքում կա մեկը, որի ճշգրիտ, ժամանակին ու ճիշտ լուծումը հատկապես կարեւոր է: Դա հասարակությանը կազմալուծող, նրա զարգացմանը խանգարող երեւույթներին արագ, ժամանակին եւ ճշգրիտ հանգուցալուծում տալն է: Այլապես այն կարող է չարորակ ուռուցքի նման զարգանալ եւ մետաստազներ տալ ու այս դեպքում անգամ լավ «վիրաբույժը, քիմիան եւ ճառագայթներն էլ չեն օգնի»…
Որ Սյունիքի նախկին մարզպետը եւ նրա նմանները չարորակ ուռուցք են մեր պետության, հասարակության համար, երկրորդ կարծիքը չկա: Որ նմաններին պետք է վիրահատությամբ կտրել եւ հանել, շպրտել աղբանոց, որպեսզի մետաստազներ չտան, դա էլ միանշանակ է: Սակայն Լիսկայի խիստ բացասկան կերպարը ընդգծելով, նրան ըստ նախաքննության արդյունքների օբյեկտիվ պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությամբ հանդերձ, ես չեմ արդարացնում նաեւ Բուդաղյան եղբայրների վարքագիծը: Անկախ միջադեպի պատճառներից՝ ես դեմ եմ «կլանային» լոկալ պատերազմների պրակտիկային: Առավել եւս ՊՆ զորամասի հրամանատարը, գնդապետը, նաեւ նրա գործարար, Գորիսի քաղաքապետի պաշտոնին հավակնող, տեղական, մարզային հեղինակություն ունեցող եղբայրը իրավունք չունեին գնալ «գողական ռազբորկայի», պարզաբանման, հանցագործ եղանակով միջադեպի հանգուցալուծման:
Զինվորական բարձրագույն կոչում ունեցող անձը, հրամանատարը, պետական պաշտոնների ձգտող գործարարը պետք է հիշեին, որ կա պետություն, կան իրավապահ մարմիններ, կան օրինական ճանապարհներ… Բնականաբար, այս տարբերակով կոնֆլիկտին լուծում տալու դեպքում այսօր Ավետիք Բուդաղյանը ողջ կլիներ…
Եվ ընդհանրապես, ողջ Հայաստանում, մարզերում, Երեւանում` Լիսկայի, Վարդանիկների տրամաչափի կամ բուդաղյանների, մարտունգրիգորյանների կարգավիճակի մյուս «հեղինակությունները», ընդհանրապես նման «հեղինակությունները» ժամանակն է, որպեսզի զգան պետության, հասարակության ուժը, զգան իրավապահ մարմինների շունչը, հավատան նրանց անկաշառությանն ու օբյեկտիվությանը:
Հերիք է արդեն, այլեւս բավական է…
Զանազան ռեստորաններում, «վետերոկներում», բնության գրկում այդ «հեղինակությունների», պետական տարբեր տրամաչափի պաշտոնյաների քեֆերին, ուտուշ-խմուշներին, սիլիբիլիներին, զանազան անօրինական գործարքներին, «հանցավոր» համաձայնություններին, «մերձեցման» երեկոներին պետք է վերջ տալ… Վերջ տալ եւ վերջապես առաջնայինը համարել պետության եւ քաղաքացիների շահերը, նրանց իրավունքների պաշտպանությունը…
Իսկ երկիրը պետք է լիցքաթափել, լիսկաթափել, մաքրել կեղտից, նման աղբից, կեղծ բարեպաշտներից, կեղծ` քեֆի սեղանների բաժակաճառերի մակարդակի հայրենասերներից…
Թթվածին, օզոն, մաքուր օդ, մաքուր երկինք է պետք…
Մաքուր մարդիկ, մաքուր հարաբերություններ են պետք, առանց նման «հեղինակությունների» ու ամենաթողության…
Ժամանակն է, որպեսզի իշխանությունները, պետական կառույցները սկսեն քաղաքացիական հասարակության տարբեր ուժերի, խմբերի հետ ի շահ պետության, ի շահ քաղաքացիների կառուցողական եւ հետեւողական համագործակցություն իրականացնել:
Միաժամանակ լավ է, որ քաղաքացիական հասարակության կառույցների գործառույթները ստիպում են իշխանություններին, որպեսզի նրանք կատարեն` լավ կատարեն, իրենց անմիջական պարտականությունները: Ընդ որում, նրանք այդ անում են առանց քաղաքական ամբիցիաների ու շահերի, հիմնականում առանց իշխանությունը տապալելու կոչերի…
«Շունը հաչում է, քարավանը գնում» արհամարհալից վերաբերմունքի աշխատաոճը սպառել է իրեն եւ արդիական չէ: Այդ շունը` քաղաքացիական հասարակությունը, մի օր արհամարհալից վերաբերմունքից հոգնած հաստատ կկատաղի… Կկատաղի ու կկծի, շատ վատ կկծի իշխանություններին, պաշտոնյաներին, հաբռգածներին…




