Հարգելի դատաիրավական համակարգ, երբ ասում եք՝ նվազել է հանցագործությունը, ասեք նաև, որ արտագաղթը այդտեղ քիչ դեր չի խաղում: Արտագաղթում են բոլոր կատեգորիաների ներկայացուցիչները` դասախոսներ, գիտնականներ, շինարարներ, նախկին չինովնիկներ, սպորտսմեններ, արվեստագետներ, գյուղացիներ, ուսանողներ և այսպես շարունակ: Սակայն այս ցուցակը թերի կլինի, եթե չասենք, որ արտագաղթում են նաև երկրի հանցագործ աշխարհի ներկայացուցիչները: Եվ դա է պատճառը, որ, երբ լսում եմ, թե երկրում ինչպիսին են հանցագործության ցուցանիշները, և նախորդ ժամանակահատվածի հանդեպ ինչքան է այն նվազել, ամենևին էլ չեմ զարմանում: Չեմ զարմանում, քանզի արտագաղթողների ցուցակում քիչ չեն նաև մի քանի անգամ դատվածություն ունեցող մարդիկ, որոնցից շատերը, եթե մնային երկրում, ապա նրանց առկայությունը կխթաներ նորանոր հանցագործությունների ի հայտ գալուն: Ես հասկանում եմ, որ նույն ոստիկանությանը շատ ձեռնտու է հանցագործ էլեմենտների արտագաղթը, քանի որ պրոֆեսիոնալ հանցագործների բացակայությամբ նրանք կարող են հանգիստ շունչ քաշել, բայց ամեն դեպքում տոկոսները հրապարակելուց վատ չէր լինի, որ իրական պատկերը երևար:
Հ.Գ. Թե չէ այսպես ստացվում է, որ աշխարհի ամենալավ դատաիրավական համակարգը ունենք, տոկոսներ է, որ իջնում են:

replik.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել