Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սաիդ Հան Մոհմանդը:

Նշենք, որ Ադրբեջանն ու Պակիստանը մշակում են առևտրա-տնտեսական կապերը մոտակա հինգ տարվա ընթացքում կես միլարդ դոլարի հասցնելու ծրագիրը, որն ազդելու է արտահանման խթանման ու դիվերսիֆիկացիայի վրա։

Նախատեսվում է, որ պակիստանյան ընկերություններն ավելի լայն թափով կներթափանցեն ադրբեջանական շուկա։ Դրա հետ մեկտեղ Պակիստանի ռազմական արդյունաբերության նախարար Ռանա Թանվեր Հուսեյնը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկություն է հայտնել Պակիստանից ներկրել պաշտպանական արտադրանք, ռազմական տեխնոլոգիաներ ու տեխնիկա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Պակիստանն ու Ադրբեջանը ցանկանում են ստեղծել համատեղ ռազմական ձեռնարկություններ: Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը, Բաքուն ցանկանում է Իսլամաբադից գերճշգրիտ զենքեր գնել:

Պակիստանա-ադրբեջանական հարաբերությունները բարձրացվում են որակական նոր մակարդակի վրա՝ համատեղ զորավարժություններ, ձեռնարկություններ, Բաքվի կողմից պակիստանյան զենքերի ու զինատեսակների գնում․ դա արվում է տնտեսական, առևտրային, էներգետիկ կապերը զարգացնելուն զուգընթաց:

Պակիստանը, միջուկային տերություն հանդիսանալով, բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում, ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի ինչպես տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:

Պակիստանյան գրեթե 200 միլիոնանոց շուկան էլ կարող է դառնալ ադրբեջանական ցանկացած արտադրանքի համար սպառնման շուկա, անգամ փոքր խմբաքանակի ապրանքերի վաճառքը կարող է էականորեն ազդել նավթի գների անկում, ԿԲ-ի պահուստների նվազում ու մանաթի արժեզրկում «տեսած» ադրբեջանական բյուջեի համալրման վրա։

Պակիստանը կարող է ադրբեջանական շուկա դուրս գալ Իրանի տարածքով, շուտով կյանքի է կոչվելու Ադրբեջան-Իրան երկաթգիծը, որը միանալու է Իրան-Պակիստան երկաթգծին։ Բացի այդ՝ Պակիստանը կարող է հետաքրքրված լինել նաև Տրանսկասպյան միջանցքով` Թուրքմենստանի, Ղազախստանի միջոցով Բաքվի նավահանգստով Կովկաս, Սևծովյան շուկաներ ու Թուրքիա դուրս գալու միտումով։

Թուրքիան նույնպես սերտորեն համագործակցում է Պակիստանի հետ սուննիական առանցք ստեղծելու շրջանակներում: Թուրք-ադրբեջանական տանդեմին, փաստորեն, միանում է նաև Պակիստանը:

Հաշվի առնելով թուրք-ադրբեջանական հակահայկական քաղաքականությունն՝ արդեն պարզ է, որ Պակիստանն արտաքին քաղաքականության մեջ որդեգրելու է ադրբեջանամետ ու թուրքամետ դիրքորոշու, այդ թվում՝ ղարաբաղյան հարցում, Բաքվին զինելու հարցում, ինչպես նաև ՀՀ-ի հետ դիվանագիտական կապեր չհաստատելու տեսանկյունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել