Չէի ուզում ծավալվել, ուզում էի բավարարվել միայն մի փոքրիկ մեկնաբանությամբ, սակայն ընդարձակեմ խոսքս, որովհետև հաճախ են ոմանք սրերով ընդունում մեր որոշ եկեղեցական գործիչների դեմ հնչող քննադատությունը... Ոչ մի հայ քրիստոնյա, իսկ ես քրիստոնյա եմ և մկրտված սբ. Էջմիածնի Մայրավանքում, չի հանդգնի քննադատել եկեղեցին: Եկեղեցին մենք ենք, հավատքով իրար կապված ժողովուրդն է, բոլորս ենք: Իսկ կրոնական գործիչները սովորական մահկանացուներ են, որոնք ունեն նաև թուլություններ և գայթակղություններ, որոնցից ոմանք շատ հաճախ չեն կարողանում ստանձնել հոտի առաջնորդի սրբազան պարտականությունը... Ահա ինչու է քննադատություն հնչում: Եվ այդ քննադատությունը տեղին է, պահանջված է: Որովհետև, համաձայն Հայաստանյայց եկեղեցու Կանոնակարգի, Թեմական առաջնորդները պետք է ընտրվեն Թեմական ժողովի կողմից, պիտի հաշվետու լինեն Թեմին: Իսկ մեզ մոտ, ինչպես կոմունիստական վարչակարգում, նշանակվում են: Թեմերի ձևավորումը պիտի քննարկվի Ազգային եկեղեցական ժողովում, իսկ մեզ մոտ հիմա կաթողիկոսն է միանձնյա որոշում Թեմերի ձևավորման հարցը... Չքննադատե՞նք սա, չելնե՞նք նման ինքնիրավչության դեմ... Չասե՞նք, որ կաթողիկոսն իր համագյուղացուն Թեմակալ առաջնորդ կարգելու համար տրոհեց Շիրակի թեմը, ստեղծեց Արթիկի թեմ, որը ստեղծման պահից արդեն մեռելածին է... Չխոսե՞նք այն բանի դեմ, որ մեր կաթողիկոսն իրեն մեկուսացրել է ազգի շահերից ու խնդիրներին, երկրից ու նրա մարդկանցից: Դատարկվում են մեր գյուղերն ու քաղաքները, նշանակում է՝ դատարկվում են մեր թեմերը, վաղը-մյուս օրը ավելանալու են քայլող քարավանները, քանի որ մարդիկ կանգնած են սուր սոցիալական մարտահրավերների առջև: Մի՞թե մեր կաթողիկոսին, մյուս հոգևոր առաջնորդներին չի հետաքրքրում, որ վանքեր հաճախողներ չենք ունենալու, մկրտվողներ չենք ունենալու... Կաթողիկոսը վերածվել է կոմունիստական կուսակցության Կենտկոմի գաղափարական հարցերով քարտուղարի, որն ընդունում ու ճանապարհում է արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնյաների՝ նույն պահին իր դռներն ամուր փակելով իր ժողովրդի առջև, չխոսելով իշխանությունների հետ իր հոտի վտանգված ներկայի ու ապագայի մասին... Չխոսե՞նք այս ամենի մասին, չասե՞նք, որ անտերունչության են մատնված բազմաթիվ վանքեր, որոնք ավերվում են, Սանահինի ու Հաղպատի վանական համալիրները, Օձունի նշանավոր վանքը, այլ վանքեր ու տաճարներ մատնված են ավերումի, մինչդեռ կաթողիկոսը մայրաքաղաքի կենտրոնում իր համար աթոռանիստ է կառուցում, երբ կարելի էր այդ գումարներով վերականգնել մեր շատ ու շատ խոնարհված եկեղեցիներ: Լոռու մարզի Լեռնապատ գյուղից քիչ են արտագաղթում, մեծ ու ավանդական գյուղ է, որի բնակիչները եկել են Ջուղայից ու 1858 թվականին եկեղեցի կառուցել... Ընդամենը 40 մլն դրամ/100 հազար դոլար է պետք այս վանքը վերականգնելու համար: Այսինքն, Այրարատյան Հայրապետական թեմի փոխառաջնորդ Նավասարդ Եպս Կճոյանի վարած Բենթլիի մոտ կես գնով: Բայց այդ գումարը մեր եկեղեցին չունի... Չխոսե՞նք այս մասին... Է՞լ ինչի մասին չխոսենք, որ մի շարք վայ-հավատացյալներ իրենց վատ չզգան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել