Թուրքիայի վերջին դեպքերը բավական մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանում: Ոմանց դա տարօրինակ ա թվում, ասում են` ոչ Իրանի, ոչ էլ, այ քեզ զարմանալի բան, Ռուսաստանի վերջին հետընտրական ցույցերն ու զարգացումները մեզանում էնքան աշխույժ արձագանք չունեցան, ինչքան Թուրքիայինը, բայց չէ՞ որ գոնե Ռուսաստանի դեպքում պետք ա հակառակը լիներ: Իսկ ինձ սա չի զարմացնում բոլորովին: Թուրքիայի հետ մենք շատ խոր կապերով ենք կապված` անջնջելի կապերով, որովհետեւ էն, ինչ կատարվել ա հայերիս հետ Թուրքիայում անցած դարի սկզբին, գնում դիպչում ա մեր գիտակցության ու ենթագիտակցության ամենազգայուն կետերին ու չի ջնջվի դեռ շատ երկար` դարեր, չի ջնջվի, անգամ եթե փորձենք ջնջել կամ ձեւ անենք, թե ջնջել ենք: Ու քանի որ անցած դարասկզբին մեր հետ կատարվածը դուրս ա նորմալի սահմաններից, մեր վերաբերմունքն էլ թուրքերին շատ հաճախ դուրս ա գալիս չափի ու նորմալի սահմաններից` հասնելով հիվանդագին ծայրահեղությունների:

Կան շատ հայեր, որոնց համար թուրքը մարդ չի: Ու դրանում զարմանալի բան չկա, քանի որ 1915-ի հիշողություններն ունենալով` անբնական չի, որ նման բան մտածես: Բայց երբ որ առիթ ա լինում թուրքերի հետ կենդանի շփվելու` Թուրքիայում, ուրիշ երկրներում կամ հենց Հայաստանում` հավաքների, սեմինարների ժամանակ, տեսնում ես, որ իրանք էլ մեզ նման մարդ են, ընդ որում մեր հետ ունեն ոչ փոքրաթիվ ընդհանրություններ: Այ էդ ժամանակ էլ ոմանք ընկնում են հակառակ ծայրահեղության մեջ, պարզունակորեն ենթադրելով, թե եթե թուրքերը մեզ նման մարդիկ են, գազան չեն, ուրեմն 1915-ին կատարված հրեշավոր դեպքերի մեջ իրանք չեն կարող լինել մեղավոր, ուրիշ պատճառ պետք ա լինի, կամ ռուսներն են սադրել ու հարցը դրան հասցրել, կամ էլ մենք ենք մեղավոր` «մեզ լավ չենք պահել» (էս վերջին «միտքը» առաջին անգամ որ լսեցի, ինձ թվաց՝ եզակի անմեղսունակի հետ գործ ունեմ, բայց հետո հասկացա` էդ վարկածը հայոց մեջ, ինչքան էլ դժվար լինի հավատալը, իսկապես գոյություն ունի): Իսկ իրականությունն էն ա, որ թուրքերը, այո, գազան չեն, մարդ են, բայց մեր եւ թուրքերի միջեւ կա քաղաքական խնդիր, շատ լուրջ խնդիր, մեր եւ թուրքերի քաղաքական շահերը հակադիր են, դրա համար էլ թուրք քաղաքական ուժերը 1915-ին ծրագրել էին ազգային պետության վերափոխվող Օսմանյան կայսրության բոլոր հայերին ոչնչացնել, ու ի վերջո իրանց ծրագիրն իրագործեցին` կանգ չառնելով ոչ մի միջոցի առաջ:

Էս վերջին ասածս ուղղակի կապ ունի Թուրքիայի վերջին բողոքի ցույցերին հայերիս ցույց տված արձագանքի հետ: Գիտեք երեւի` կազմվեց թուրք ցուցարարներին աջակցություն հայտնողների խումբ Ֆեյսբուքում, որն էլ հանդես եկավ համերաշխության ուղերձով: Ես հասկանում եմ մեր քաղաքացիական ակտիվիստների տրամաբանությունը` համերաշխություն են հայտնում նույնպես քաղաքացիական կարգախոսներ պարզած Ստամբուլի ցուցարարներին, որոնց նկատմամբ ոստիկանությունը վայրենի ուժ կիրառեց (ուղերձն ու խումբը վերնագրված են` «Համերաշխություն Ստամբուլի ցուցարարներին` հայաստանյան քաղաքացիական ակտիվիստներից»): Այնուամենայնիվ ես ինքս խմբին չմասնակցեցի եւ ուղերձի տակ չստորագրեցի: Բացատրեմ ինչու: էս էն դեպքն ա, երբ որ քաղաքացիական խնդիրը չի կարող չվերաճել, արդեն վերաճել ա, քաղաքական խնդրի: Իսկ քաղաքական հարթությունում` իմ համար հեչ միանշանակ պարզ չի, որ ես պետք ա պաշտպանեմ Էրդողանի հակառակորդներին: Իմ շատ սիրելի Ծովինար Նազարյանը հարցազրույցներից մեկում ասում ա` «Դեմոկրատական հարեւանը Հայաստանի համար միշտ գերադասելի ա ավտորիտար հարեւանից»: Առաջին հայացքից կարծես ճիշտ միտք ա: Բայց երբ որ ասվածը փորձում ենք կոնկրետացնել Թուրքիայի կոնտեքստում, հարցը խճճվում ա: Խնդիրն էն ա, որ պարզ չի` ովքեր են Թուրքիայի քաղաքական դաշտի դեմոկրատ ուժերը: Թուրքիայում հիմնական քաղաքական այլընտրանքը ոչ թե դեմոկրատների ու ավտորիտարների միջեւ ա, այլ իսլամականների ու քեմալականների: (Կան նաեւ ձախեր, բայց ձախերը ինքնուրույն իշխանություն գալու հնարավորություն Թուրքիայում երբեք չեն ունեցել ու մոտ հեռանկարում կարծես չունեն): Հիմա ովքե՞ր են ավելի դեմոկրատ` Էրդողանի չափավոր իսլամականնե՞րը, թե՞ քեմալական-ազգայնականները, որոնք Էրդողանի պարտության դեպքում կարող են գալ իշխանության: Էրդողանը վայելում ա բնակչության պահպանողական մեծամասնության աջակցությունը եւ հենց դրա արդյունքում էլ հաղթել ա ընտրություններում: Քեմալականների հենարանը արեւմտամետ-հակաիսլամական էլիտան ա (փոքրամասնություն) եւ բանակը, որի արտոնյալ դիրքերին Էրդողանը հարվածեց եւ դեռ շարունակում ա հարվածել: Փոքրամասնության եւ բանակի վրա հենվող քաղաքական ուժը չի կարող լինել դեմոկրատ:

Էրդողանը մտցրել ա Քեմալի արեւմտականացումը ջնջող եւ երկրի իսլամականացմանը միտված մի շարք օրինագծեր: Ամենավերջինը ալկոհոլի օգտագործումը սահմանափակող օրինագիծն էր կարծեմ: Հոգեբանորեն ինձ հարազատ են մարդիկ, որոնք բողոքում են դրա դեմ, բողոքում են երկրի իսլամականացմանը տանող Էրդողանի մյուս քայլերի դեմ: Եթե առանձին քաղաքացիական ակցիա լիներ, ես չի բացառվում, որ դեմ չլինեի համերաշխություն հայտնել նման ակցիայի մասնակիցներին, բայց էս դեպքում, երբ որ դեպքերը զարգանում են ահավոր արագ, եւ խնդիրը քաղաքացիականից վերաճել ա քաղաքականի, ես կգերադասեմ ձեռնպահ մնալ: Որովհետեւ իմ ուղեղում պահված ա դարասկզբի նախադեպի ցավոտ հիշողությունը: Երիտթուրքերը սուլթան Աբդուլ Համիդին ցած գցեցին եւ 1908-ին իշխանության եկան առաջադիմության, հավասարության ու ազատության կարգախոսներով: Հայերը ոգեւորված էին երիտթուրքերի հեղափոխությամբ, կային աջակցողներ: Բայց ոգեւորությունը շատ երկար չտեւեց, հետեւեցին Ադանայի կոտորածները: Իսկ ավելի հետո հիշում եք՝ ինչ եղավ…

Ոմանք կարող են ասել, որ պատմությունը պարտադիր չի՝ կրկնվի: Պարտադիր չի իհարկե: Բայց կան քաղաքական հանգամանքներ, որ նույնն են մնացել ու էսօր էլ գործում են: Ինչո՞ւ երիտթուրքերը տվեցին անցան Սուլթան Համիդին իրանց հակահայկական քաղաքականությամբ: Որովհետեւ Համիդը բազմազգ կայսրության սուլթանն էր, իսկ երիտթուրքերը (հետո էլ արդեն Քեմալը)` ազգային պետություն ստեղծող ազգայնականներ: Ինչքան էլ Սուլթան Համիդը հայերից զգուշանար, վտանգ տեսներ եւ ուզենար ճնշել, իրա մտքով չէր անցնի հայերին իսպառ բնաջնջելը, որովհետեւ կայսրությունը չի կարող չլինել բազմազգ, տարբեր ազգերը` միլլեթները, կայսերական կառույցի մասերն են, կայսրը, տվյալ դեպքում սուլթանը, կարող ա վախեցնել էս կամ ազգին կոտորածներով` հնազանդ պահելու համար, բայց իսպառ չի ոչնչացնի սեփական կառույցի մասը կազմող միլլեթին: Այնինչ ազգային պետությունը մեկ ազգի պետությունն ա, երիտթուրքերը եւ հետո Քեմալ Աթաթուրքը ազգայնականներ էին ու կայսրությունից ազգային պետություն էին սարքում, էն ազգերին, որ կարող էին` ձուլելով-թուրքացնելով, էն ազգերին, որ գիտեին չէին թուրքանա` դուրս մղելով (հույներին) կամ բնաջնջելով (հայերին): Ու էս քաղաքական տրամաբանությունը գործում ա, ոնց որ ասեցի, նաեւ էսօր: Քեմալ Աթաթուրքի պաշտոնական քաղաքականության հիմնական, առանցքային կարգախոսն էր` Թուրքիայում բոլորը թուրք են: Իսլամականների իշխանության գալով, որոնք ինչ-որ իմաստով կայսրության գծի շարունակողներն են (հիշենք, որ Օսմանյան կայսրությունը խալիֆաթ էր` կրոնապետություն), Թուրքիայի մյուս` ոչ թուրք ազգերը կամաց-կամաց հնարավորություն ստացան նախ չթաքցնելու, հետո արդեն շեշտելու իրանց ազգային` ոչ թուրք ինքնությունը: Եթե քեմալականները հետ գան, նորից վերադառնալու են Քեմալի քաղաքական գծին:

Եվ վերջում` մի նուրբ ու շատ կարեւոր նկատառում: Թուրքիայում վերջին տարիներին հայտնվել են մարդիկ` քաղաքական-հասարակական գործիչներ, գրողներ, որոնք խոսում են 1915-ին կատարվածի մասին: Դրա արդյունքում նրանք մի կողմից արժանանում են ուշադրության ու գնահատանքի` որոշակի, ոչ մեծաթիվ, բայց ակտիվ ու կարեւոր, քաղաքական-մտավոր շրջանակներում, մյուս կողմից իրանց դարձնում են ծայրահեղականների հարձակումների թիրախ` ենթարկվելով ռեալ ռիսկի: Մարդկայնորեն էդ մարդիկ արժանի են մեր գնահատանքին ու համերաշխությանը: Բայց համերաշխությունը երբեք չպետք ա լինի մեր ազգային արժանապատվության հաշվին: Թուրք մտավորականը, երբ որ խոսում ա Հայոց եղեռնից եւ, առայժմ կիսաբերան, ներողություն ա խնդրում, ինքը դա չի անում մեր համար, ինքը դա անում ա, որովհետեւ հասկանում ա` մեղքի ինչ ծանր բաժին ա ընկած սեփական ազգի ուսերին, ինքը դա անում ա մեղքը մեղմելու համար ու հասկանում ա նաեւ, որ էդ մեղքը, թե՛ քաղաքական, թե՛ մարդկային անխախտ օրենքով, ենթադրում ա հատուցում: Բայց եթե մենք համարենք, որ կիսաբերան ասված ներողությունը հենց հատուցումն ա, եթե մենք համարենք, թե էդ կիսաբերան ներողությունը կշեռքի նժարին հավասար ա կշռում 1915-ի մեր զոհերին ու մեր ստորացմանը, ուրեմն հիշեք, հաստատ, հաստատ եմ ասում` առաջինը թուրքը, հենց էդ կիսաբերան ներողություն ասող թուրքը, մեզ կարհամարհի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել