Մեծ հաշվով ընտրություն չի, որ դեմ կամ կողմ քվեարկես: Ցանկություն է: Բայց կա առանցքային խնդիր, որտեղից էլ առաջանում է կարծիք հայտնելու ցանկությունը: Պետական ցանկացած չինովնիկ` սկսած նախագահից մինչև պետական բյուջեից աշխատավարձ ստացող պահակ, ընդամենը ծառա է`ծառայող: Այդ թվում և մարզպետը, մեր դեպքում` Սյունիքի: Ասում են ժողովրդի, իսկ թե իրականում ինչ է` գիտենք, և չեմ ուզում, որ այսպես լինի: Ուստի, պահանջատեր եմ և օգտվելով կարծիք հայտնելու, քաղաքացու իշխանությանը պահանջ ներկայացնելու իրավունքներից՝ ուզում և պահանջում եմ, որ ապագա մարզպետը լինի.
1. Անբիծ, բարոյական և ունենա հայ տեսակին բնորոշ ընտանիք ու ապրելակերպ:
2. Ունենա կառավարման փորձ:
3. Մինչև պաշտոնի ստանձնում հրապարակային ներկայացնի իր ունեցվածքը:
4. Ներկայացնի մարզի զարգացման իր պատկերացումները ու բոլոր համայնքների ավագանու անդամների, համայնքների ղեկավարների, շահագրգիռ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ ներկա իրավիճակին համապատասխանեցնի «Սյունիքի զրագացման սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը» և մարզում կազմակերպվի կառավարության արտագնա նիստ` այն հաստատելու համար:
5. Կադրային քաղաքականության սկզբունքների հրապարակում և նախորդ զուտ անձնական նվիրումով պայմանավորված պաշտոնյաների ազատում, առաջին հերթին բոլոր նրանց, ովքեր մասնակցել են «Սյունիքի մարզպետարանը հայտարարում է…» օպերացիային: Կադրային առանցքային նշանակումներում հաշվի առնվի տարածաշրջանների ներկայացուցիչների հանգամանքը:
6. Հստակ նշվի, թե մարզի յուրաքանչյուր տարածաշրջանում երբ են կայանալու բնակիչների հանդիպումները մարզպետի հետ: Սյունիքում դրանք չորս են` Կապանի, Մեղրու, Սիսիանի և Գորիսի: Համայնքների թիվը՝ 109, որի մեջ մտնում է 135 բնակավայր, որից 7 քաղաքային: Քաղաքները` ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆ, Ագարակ, Մեղրի, Քաջարան, Գորիս, Սիսիան և Դաստակերտ (վերջինից միայն անունն է մնացել): Կարճ ասած, բարդ մի մարզ, որի երկու տարածաշրջանը` Կապանն ու Մեղրին, առավելապես արդյունաբերական են, իսկ Սիսիանն ու Գորիսը՝ առավելապես գյուղատնտեսական: Սահմանակցում է Արցախին, Իրանին, Նախիջևանին… Հետևաբար ունի լուրջ խնդիրներ և անելիքներ, որոնց մեծ մասը պայմանավորված է նաև մայրաքաղաքից հեռավորությամբ:
7. Մարզկենտրոնին վերադարձնի իր արժանի կարգավիճակը:
8. Հաշվի առնելով հանգամանքը, որ մարզը գործազրկության առումով հանրապետության առաջատարներից է, եթե ոչ առաջատարը, ապա կառավարության ու կարող ուժերի ներգրավմամբ իրականացնի աշխատատեղերի ստեղծման համալիր ծրագիր:
Հ.Գ Ահա սրանք են իմ համար հասկանալի չափորոշիչները, որոնց իրականացնողն էլ կլինի իմ թեկնածուն: Այստեղ է, որ ուզում եմ ասել կարևոր չէ ով (թեկուզ նշանակումից պարզ կլինի՝ կարող է, թե ոչ), այլ ինչ է անելու, իսկ իմ սպասելիքները արտահայտել եմ կետերում: 
Սասուն Մանուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել