Ասում են՝ դիրք պահող տղերքը գիշերն իրար փոխարինում են երկու ժամը մեկ: Զինվորը, ով երբևէ դիրք է պահել, կասի՝ բլինդաժից ներս հայրենիքը բառերով ու հայտարարություններով չեն սիրում: Հայրենիք սիրելու միակ ձևն այստեղ ուսին գցված ինքնաձիգն է, որի ծանրությունից ուսը հոգնում ու, միաժամանակ, մի տեսակ հպարտ ձգվում է, ինչպես օրինակ առաջին դասարանում գիրք-տետրերով լցված պայուսակից էր լինում:

Հայրենիքը դիրքերում մեծ չէ: Հստակ չափման միավոր ունի` այնքանն է, որքանը կարող ես ոտքով անցնել հերթապահությանդ երկու ժամերի ընթացքում: Մնացածն արդեն մեկ ուրիշ զինվորի հայրենիք է:

Արցախի դիրքերում զինվորներից մեկը մի օր պատմեց` գիշերային հերթապահության ամենամեծ բարդություններից մեկը չքնելն է: Զինվորն այդ պահին մտածում է բոլոր հնարավոր ու անհնար մարդկանց, երևույթների, դեպքերի մասին: Իր համար գծում է հետբանակային ապագան կամ հիշում նախաբանակային անցյալը: Պինդ սեղմում է ինքնաձիգն ու հիշում մորը, սիրած աղջկան, թաղի Սամոյին, ում բանակ գալուց այդպես էլ 5000 դրամ է պարտք մնացել, ու բոլոր նրանց, ովքեր հիմա քնած են... Դիրքը հենց այն տեղն է, ուր զինվորն ամենալավն է գիտակցում իր արթուն լինելու գինը:

***

2012թ.-ի հունիսի 5 լույս 6-ի գիշերը՝ ժամը 04.15-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Հորադիզի ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ արեց:

Դիվերսիայի թիրախ դարձած դիրքի տղերքը զգոն էին: Պաշտպանական մարտ սկսվեց: Հակառակորդը զգալի կորուստներ տվեց ու հետ շպրտվեց ելման դիրքեր:

Հաջորդ մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական մամուլի էջերում զինվորները մահանում էին թոքախտից, աստիճանից էին վայր ընկնում կամ մնում էին քանդված պարիսպի տակ: Ադրբեջանն այս կերպ կոծկում էր հունիսի 5-6-ի գիշերը Հորադիզում տված զոհերի իրական թիվը: Սովորություն է:

Դիրքը պահող տղերքից մենք էլ զոհ ունեցանք: Փոխհրաձգության ժամանակ զոհվեց 20-ամյա կրտսեր սերժանտ Վարդան Օհանյանը:

2012թ.-ի հունիսի առաջին օրերը լավ եմ հիշում: ԱՄՆ այդ օրերի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան ու «հյուրասեր» ադրբեջանցիների ոգևորությունը սահմանին. մի քանի օրվա ընթացքում հակառակորդը կրակում էր մեր սահմանամերձ գյուղերի վրա: Հնգօրյա անհանգստության վերջակետը Հորադիզի դեպքը եղավ:

Բանակային լրահոսում զոհերի անունների կողքին զորակոչման վայրերը ոչ միշտ են նշվում, բայց Աշտարակը փոքր քաղաք է: Ընկերներիցս մեկից իմացա, որ Հորադիզի կրտսեր սերժանտը մեր քաղաքից է: Ավելին` պարզվեց՝ ծանոթ ենք:

***
Զինվորի տան բակում բազմաթիվ մարդիկ են հավաքված: Տղամարդիկ հիմնականում լուռ են, գիտեն` հերոսին ավելորդ աղմուկով պետք չէ ճանապարհել:

Հավաքվածների մեջ առանձնանում է մի խումբ. Վարդանի ծառայակիցներն են:

Ձիգ, կոկիկ համազգեստով զորամասից Վարդանի մոտ են եկել: Նստած են տան բակում դրված «իշաոտնուկին»: Զորամասի հրամանատարը անընդհատ նայում է նրանց ու կարծես հայացքով հասկացնում, թե «մի քանի ժամով ազատ եք, տղերք, տուն զանգեք, խանութից մի բան առեք, կերեք», բայց ոչ ոք տեղից չի շարժվում, իրար մեջ անգամ ոչինչ չեն խոսում:

Անցնում է տասը րոպե: Ներսում` Վարդանի մոտ պատվո պահակ կանգնած երկու զինվորին դրսի զինվորներից են փոխարինում ու այդպես մոտ կես ժամվա ընթացքում:

Հետո հրամանատարը շարում է զինվորներին: Նվագախումբը նվագում է ՀՀ օրհներգն, ու տղերքը, ուսերից քաշելով ավտոմատները, կրակում են օդ: Տղերքն էլի ձիգ են, տղերքն էլի լուռ են, տղերքն էլի զինվոր են ու առանց դեմքի մի մկան շարժելու, առանց խախտելու շարքի մի միլիմետրը` լացում են...

Հետո մարդիկ հեռանում են ոտքով ու ոտքերից օդ բարձրացող փոշու մեջ հեռվից միայն ՀՀ դրոշն է առանձնանում: Զինվորները ցրվում են ու որսալով հայացքդ` ամաչում: Որովհետև գիտեն` զինվորին վայել չէ լացելը: Գիտեն` լացող զինվորից վախենալու բան չկա աշխարհում...

***
Ասում են` դիրքերում վախը հիմնականում բթանում է, ու ամենամեծ պայքարը զինվորը տանում է քնի դեմ: Իր հերթապահության ժամերի ընթացքում նա հիշում է իր առաջին դասարանի պայուսակի գույնը, հիշում է հարազատներին, ինչ-որ տեղ ինչ-որ երգից լսած բառեր ու մտովի քայլ առ քայլ պատկերացնում է իր ապագան:

Այս շղթան ընդհատվում է հենց այն պահին, երբ ինքնաձիգը սեղմած զինվորի ուսին թմփթմփացնում է մյուսն ու հիշեցնում հերթափոխի հանձնման մասին: Զինվորը երկրորդին է փոխանցում իր տեղն ու իր հայրենիքը` մինչև հաջորդ գիշեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել