Ցույց տվեք մի կուսակցություն, որը ԱՄԿ-ի, այնուհետև ԱԻՄ-ի կեսի-կեսի չափ օգուտ է տվել Հայաստանին՝ երբևիցե չլինելով իշխանության ղեկին:  Կուսակցությունների 99.9%-ը ստեղծվել են ազգը պառակտելու եւ փող գռփելու համար, իսկ ցույց տվեք մեկ օրինակ, որ ԱՄԿ-ն կամ ԱԻՄ-ը նմանատիպ քայլեր են կատարել: ԱԻՄ-ի հիմնական գաղափարախոսություններից մեկը ինքնորոշումն է, այսինքն՝ ամեն մարդ ինքն է որոշում, եւ պարտադրական ոչինչ չկա: Մենք այս կառավարության նկարազարդված ընտրություններում հավաքեցինք 18096 ձայն, եւ դա հավատ է ներշնչում, հավատ, որ դեռ այդքան ինքնորոշված մարդիկ կան մեր երկրում, մարդիկ, որոնց ձայնը մենք չենք խլել ոչ մի կուսակցությունից, որոնց չենք կաշառել, որոնց չենք համոզել, առավել եւս չենք ստիպել: Մենք ամպագոռգոռ հայտարարություններ չենք արել, մարդկանց հրապարակներում անտեղի չենք հավաքել եւ կեղծ ներկայացում չենք ցուցադրել, մարդկանց հավատը միտումնավոր չենք փոշիացրել: Ափսոս, մեր ժողովուրդը հերթական անգամ տրվեց ստին, կեղծիքին եւ շեղվեց իր ճամփից: Հերթական անգամ երկրի օրհասական պահին հայտնվեցին պառակտիչներ եւ նույնիսկ կարելի է կոչել ազգի դավաճաններ, որոնք կարողացան ապակողմնորոշել մարդկանց եւ ջուր լցրեցին իշխանության ջրաղացին, միեւնույն ժամանակ ընդդիմություն ձեւանալով: Ամենացավալին եւ գիտակից մարդու մոտ նույնիսկ ծաղր առաջացնող հանգամանքը այն է, որ Հայրիկյանի վրա կրակելուց հետո բոլորը սկսեցին խոսել, որ դա կազմակերպված է իշխանության եւ Հայրիկյանի կողմից: Բա եթե այդպես էր, ինչո՞ւ է սոցիոլոգ կոչված մի տականք հաջորդ օրը եթեր դուրս գալիս ու հայտնում, որ հարցում է կատարել, եւ հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ Հայրիկյանը ինքն է իր դեմ կազմակերպել այդ մահափորձը: Ի՞նչ նպատակ ուներ այդ հարցումը, եւ մի՞թե ակնհայտ չէր, որ հաջորդ իսկ օրը առանց հիմքի այս տականքը հարցումներ է սկսում եւ մարդկանց հարցնում՝ ի՞նչ եք կարծում՝ Հայրիկյա՞նն է ինքն իր վրա մահափորձ կազմակերպել: Եթե իշխանությանը հարկավոր էր, որ Հայրիկյանը շատ ձայն հավաքի, ապա ինչո՞ւ սկսեցին կազմակերպված քայլեր ձեռնարկել նրա վարկանիշը գցելու համար, ի՞նչ է, 3% էր նրանց հարկավոր: Ամեն դեպքում ես դեռ հավատում եմ իմ ազգին, հավատում եմ, որ իմ ազգը ոտքի կկանգնի եւ կհաղթահարի բոլոր խոչընդոտները, բայց ինչքան ուշ սկսի, այնքան շատ վերք հետագայում պետք է բուժի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել