Շատ տարիներ առաջ, ԵրՊի Ճարտարապետության ամբիոնի վարիչ, պրոֆ. Վարազդատ Հարությունյանն իր աշխատասենյակում անթաքույց հպարտությամբ ցույց տվեց մի շքեղ ու մեծադիր հատոր, որի թուրքերեն վերնագիրն էր «Օսմանյան ճարտարապետությունը և Պալյան գերդաստանը», իսկ հեղինակը Բարս Թուղլաճըն էր (Բարսեղ Թուղլաճյան): Շքեղ սուլթանական պալատների ու մզկիթների լուսանկարներով ողողված այդ հատորն ինձ վրա շատ ծանր տպավորություն թողեց և նույնիսկ այն բանից հետո, երբ իմացա, որ նույն Բարսեղ Թուղլաճյանը գիրք է գրել նաև Աղթամարի վանքի մասին, տպավորությունս չփոխվեց:
Թուրքական մայրաքաղաքը շենացրած հայազգի ճարտարապետների նկատմամբ Մեծ Եղեռնից մազապուրծ պատկառելի գիտնականի ու մանկավարժի այդօրինակ հիացական վերաբերմունքի հանդեպ իմ զարմանքը կարելի էր բացատրել այդ տարիների երիտասարդական անփորձությամբ, սակայն մինչ օրս, տեսնելով նույնօրինակ վերաբերմունք՝ տարբեր առիթներով, չեմ կարողանում առնվազն չտարակուսել ու չզարմանալ...
Ինչո՞վ ենք հպարտանում. մեր այն հայրենակիցներով, ում կառուցած պալատներում մարդագայլերը մի ողջ ժողովրդի բնաջնջո՞ւմն էին մտմտում... ում կառուցած մզկիթներում նամազի էր ծնկում Հայոց ցեղասպանությունն իրականացնող ասկյարն ու մարդկային կերպարանքը կորցրած ամբո՞խը... Վերջապես՝ հա՞յ էին նրանք, թե՞ թուրք... Եթե հայ լինեին, մեր մյուս Մեծերի հետ պիտի քարկոծվեին, եթե հայ լինեին... Չշարունակեմ՝ գիտեք...

Կից նյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել