Մեր քաղաքի Հարութիկին գրեթե բոլորն են ճանաչում. նա վտիտ մարմնով ու լեզվական, մտավոր, մի փոքր էլ ֆիզիոլոգիական որոշակի արատներ ունեցող երեխա է, ով միայն մոր հետ է բնակվում: 

Ամեն առավոտ Հարութիկը ավտոբուսով իջնում է քաղաք, ասել է թե, մայրաքաղաք`Երևան, "գործի": "Աշխատում է" կենտրոնում` Աբովյան փողոցում. փող է մուրում, մի խոսքով` մուրացկան է:
Այսօր ավտոբուսով աշխատանքից վերադառնալիս նրան հանդիպեցի. եկավ տեղավորվեց կողքս` Բոգդանի կապոտի վրա ու անմիջապես սկսեց վարորդի հետ զրույցի բռնվել ու գլուխ գովել: Իսկ գլուխ գովելու տեղ նա իրոք ուներ. այսօր 4-5 ժամում, ինչպես ինքն ասաց, 9000 դրամ փող է աշխատել... 

Եթե ինձ կամ ուղևորներից շատերի համար միգուցե զարմանալի էր մուրացկանի "վաստակած" գումարի չափը, ապա ավտոբուսի վարորդի համար բոլորիվին էլ զարմանալի չէր. "Էս ինչ ա, այ քու ցավը տանեմ, էն օրը 20,000 ջեբը գալի սկի ավտոբուսի երեսին էլ չի նայում, 3500 տալի տաքսի ա վերցնում ու մենակ հելնում տաքսով Երևանից գնում ա տուն",-ասաց վարորդը, իսկ Հարութիկն այդ պահին իրեն լավ զգաց, որ նման աղայություն է արել: Մինչդեռ, այդպիսի շքեղություն իրենց թույլ չեն տալիս նույնիսկ մեր քաղաքի հարուստները:

Ճանապարհի կեսից զանգեց մորն ու ասաց, որ շուտով հասնում է, այնպես որ, թող զանգի ու քյաբաբ պատվիրի, որ հասնի տուն, քյաբաբ ուտեն:

Հետո, խոսքի բռնվելով ինձ հետ, սկսեց իրենից գոհ ու գլուխ գովելով պատմել, որ մի քանի օր առաջ Աբովյանի եկեղեցու մոտ "Գագոյի ախռանիկի հետ ա հաքել", որովհետև վերջինս չէր թողնում իրեն եկեղեցու տարածքում մուրացկանությամբ զբաղվել: "Գիտես, իմ դեմ խաղ չկա",-իր կոտրատված ու կիաստ-պռատ հայերենով կարծես երեսով տվեց ինձ, որ իրեն հանկարծ մի աչքով չնայեմ, ինքը "թույն դեմք" ա:

Հասանք մեր քաղաք, գրպանից հանեց իր տվյալ օրվա եկամուտը` 9000 դրամը, ու դրանից 5000-դրամանոցը տալով վարորդին` խնդրեց մանրել ու իրեն 1000-անոցներ տալ: Բայց, մինչև ավտոբուսից կիջներ Հարութիկը, նրանից հետաքրքրվեցի, թե որքան գումար է նա "վաստակում" օրական, ասաց` նայած օր. "Օր կա 10-15, դաժե 20 հազար էլ եմ աշխատե, բայց օրա եղե 3-4 հազար եմ աշխատե, սաղ օրվանից ա կախված",-առևտրականին հատուկ ոճով բացատրեց "փողատեր" մուրացկանը: 

ՈՒ էդ պահին ես հասկացա, որ մուրացկան Հարութիկի օրական եկամուտը իմ` պատգամավորանախարարական էլիտար միջավայրում գործունեություն ծավալով ԼՐԱԳՐՈՂԻՍ ստացած օրական եկամուտից միջինը երեք անգամ բարձր է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել