Ամենուրեք գործում է հետևյալ եռամիասնությունը. քաղաքականություն-բլեֆ-փողՉի կարելի ասել, որ սոցիալիզմի ժամանակ փողը որոշակի դեր չուներ մեր կյանքում, սակայն այն հաստատ գերորոշիչ չէր: Կապիտալիզմի մասին հիմնականում գիտեինք միայն գրքերից, եւ հետագայում էր միայն պարզվելու, որ մեր պատկերացումներն այդ հասարակարգի մասին դույզն անգամ աղերս չունեն իրականության հետ:

Հայաստանյան այսօրվա հասարակարգը վայրի կապիտալիզմ է, որն իր բովանդակությամբ շատ ավելի վտանգավոր է, քան մեր իմացած փտող, մեռնող կապիտալիզմը: Բոլոր կապիտալիստական երկրներում էլ փողն էապես մեծ դեր ունի ամենուր, սակայն այն միակ որոշիչը չէ եւ այդ իմաստով, երբեմն-երբեմն իր տեղը պարտադրված զիջում է որոշակի այլ արժեքների՝ միաժամանակ պահպանելով իր կայուն դերը: Եթե անկեղծ լինենք, ապա կարելի է խոստովանել, որ հայաստանյան այսօրվա հասարակարգը նույնիսկ կապիտալիզմ էլ չէ, այն լիովին այլ խառնուրդ է, որը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում: Ինչպես հետխորհրդային բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում սոցիալիզմի վերացումից հետո մի քանի ճարպիկ արարածներ իրենց ձեռքը վերցրին եւ ամբողջ պետական լծակները, եւ երկրում առկա բոլոր բիզնեսները, իսկ հետագայում` «սեփականաշնորհում» կոչվող անվան տակ, գործընթացները տարան իրենց հարմար ձեւով` տիրանալով երկրի համարյա ողջ ունեցվածքին: Ժողովուրդը նույնիսկ չիմացավ՝ ինչ կատարվեց, եւ միայն հետագայում հասկացավ, որ ինքը մնացել է լիովին ձեռնունայն:

Նորանկախ Հայաստանի առաջին Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ ժողովուրդը համարյա լիովին վստահում էր հայոց համազգային շարժմանը, որի հետեւանքով Գերագույն խորհրդի ձայները մոտավոր հավասար համամասնությամբ բաժանվեց համազգային շարժման ներկայացուցիչների եւ այդ ժամանակվա դե յուրե իշխանության` կոմունիստների միջեւ: Փաստենք, որ հենց այդ մարդիկ էլ հիմնականում տիրացան երկրի ողջ ունեցվածքին: Ժողովուրդը ոչնչից խաբար չէր, չէր մասնակցում եւ ցանկության դեպքում չէր էլ կարող մասնակցել նմանատիպ սեփականաշնորհման գործընթացներին, քանզի այդ գործընթացների ընթացքում պահպանվում էր միայն արտաքին` ձեւական կողմը, իսկ բովանդակային իմաստով, այլ պայմանավորվածություններ էին աշխատում, որից ժողովուրդն ընդհանրապես տեղյակ չէր եւ որի հետեւանքով էլ զրկվեց ամեն ինչից: Իհարկե, Հայաստանի անկախության առաջին տարիներին եւս կար թալան, կոռուպցիա, կաշառակերություն, սակայն դրանց չափերը համեմատաբար փոքր էին:

Գնալով տարիների ընթացքում այդ չափերը բավականին աճում էին, եւ ժողովուրդն այդ ամենի դեմն առնելու համար ոչ միայն որեւէ քայլ չէր անում, այլ կարծես՝ այդ ամենն այդպես էլ պետք է լիներ: Ավելին, տարիներ հետո պետք է նախանձով նայեինք նախկին տարիների չափավոր թալանին: Բնական է, որ այդ ամենի դեմն առնելուն կոչված էին մեր սիրելի իշանությունները, սակայն նրանք էլ ոչինչ չէին անում, քանի որ հենց իրենք էին համակարգում թալանը, այնպես որ, հո իրենք իրենց չպե՞տք է խանգարեին: Առաջ անցնելով ասեմ, որ տարիներ հետո Հայաստանում ուրվագծվեց մոտավոր այսպիսի համայնապատկեր. հաստատվեցին մի քանի մեծահարուստներ` օլիգարխներ, որոշակի թվով հարուստներ` ապահովներ եւ թալանված ժողովուրդ: Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, որ համարյա ոչ մի համակարգ չի գործում, աշխատում են միայն անձնական կապերը եւ փողը: Վերեւներում նստած մարդկանց մի խումբ կա, որ ինչ ուզում, այն էլ անում է: Զսպող կամ վերահսկող ոչ մի մեխանիզմ չի աշխատում: Պետական պաշտոնյաների գերակշիռ մասը` ով ինչքան կարողանում է, այնքան էլ թալանում է: Նրանք ուրիշ որեւէ լուրջ բան չեն ուզում եւ չեն անում:

Տպավորությունն այնպիսին է, որ օրինակելի կանոնադրությամբ է նրանց տրված այդ իրավունքը, որը եւ փառահեղ կերպով անում են: Ժողովուրդ, աշխատատեղ, գործազրկություն, արտագաղթ եւ նմանատիպ այլ երեւույթներ նրանց ընդհանրապես չեն հետաքրքրում, եւ կրկնում եմ, որ նրանք զբաղված են միմիայն` ինչքան հնարավոր է շատ փող դիզելով: Ժողովուրդը բառիս բուն իմաստով հայտնվել է ստրուկից շատ ավելի վատ կարգավիճակում: Եթե դասական ստրուկին 5 տարվա համար առաջարկվեր 5 հազար դրամ` ընտրություններին ձայն տալու համար, նա չափազանց կվիրավորվեր, եւ ինքն իր գրպանից կհաներ, կտար այդ 5 հազար դրամը եւ կասեր՝ գնա: Նմանատիպ օրինակները բազմաթիվ են, եւ չարժե բոլորը թվարկել: Կարելի է արձանագրել մոտավոր այսպիսի պատկեր. ժողովրդին փող է անհրաժեշտ` գոյություն պաշտպանելու համար, իսկ հարուստներին եւ պաշտոնյաներին` ազդեցության գոտիներն ու դիրքերն ուժեղացնելու համար: Արդյունքում ստացվում է, որ բոլորին անխտիր փող է անհրաժեշտ: Հետեւաբար, հարցերի հարցը եկել, հանգել է փողին: Իսկ եթե մի բան դառնում է չափազանց անհրաժեշություն, ապա այն շատ ավելի մեծ կարեւորություն է ձեռք բերում եւ դառնում է խիստ պահանջված արժեք: Փաստորեն, բոլորին այս վիճակին է բերել «Մեծն» կապիտալիզմը (ուղղում եմ, վայրի կապիտալիզմը), որը սահմանել է իր օրենքը` փողի օրենքը:

Գնալով ժողովուրդն ավելի է աղքատանում, եւ հետեւաբար նրան ավելի շատ փող է անհրաժեշտ՝ զուտ գոյատեւելու համար, քանի որ ամենօրյա ծախսերին զուգահեռ նա նաեւ ամեն օր պետք է պարտքեր եւ վարկեր փակի: Իսկ հարուստներն այդ նույն ժողովրդի հաշվին օր օրի ավելի են հարստանում եւ անպայմանորեն ձգտում են էլ ավելիին, որպեսզի իրենց տեսակի հետ մրցակցության ժամանակ նրան հեշտորեն կուլ տան եւ էլ ավելի ուժեղացնեն իրենց ազդեցության դաշտը: Այստեղից հետեւությունը դարձյալ մեկն է. բոլորին` առանց բացառության, փող եւ միայն փող է անհրաժեշտ: Եթե այսկերպ շարունակենք վերլուծությունը, ապա կպարզվի, որ ակամայից` փողը մարդու համար դարձել է այնպիսի գերիշխող արժեք, որին արդեն ոչ թե սիրում, այլ պաշտում եւ խոնարհվում են: Իսկ դա չափազանց մեծ մեղք է, քանզի հանրահայտ է, որ պետք է պաշտել միայն Տիրոջը եւ սրբություններին:

Ամենազարհուրելին այն է, որ փողը կապիտալիզմի սրբությունից վեր է ածվել մարդկային սրբության, որին ոչ թե կամավոր, այլ պարտադրաբար պետք է պաշտեն բոլորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել