Վերահսկիչ պալատը որոշել է ստուգել նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման արդյունավետությունը: Բաղրամյան 26-ի բյուջետային ծախսերի ստուգումը ներառված է Իշխան Զաքարյանի գլխավորած կառույցի 2013 թվականի աշխատանքային ծրագրում: Հայաստանյան իրականության համար սա բավական ուշագրավ իրողություն է, քանի որ նախագահական ապարատը հանրային ընկալման մեջ համարվում է անձեռնմխելի պետական կառույց: Օրենքով Վերահսկիչ պալատը, որի գլխավոր խնդիրը պետական բյուջեի ծախսերի վերահսկումն է, իհարկե ունի նման լիազորություն: Բայց Հայաստանի իրականության մեջ միայն օրենքով սահմանված լիազորությունները արդյունավետ մեխանիզմ են դառնում միայն այն դեպքում, երբ դրան ավելանում է նաև ստուգման թիրախում հայտնված կառույցի և ստուգող մարմնի ղեկավարի, այսպես կոչված, քաշային կատեգորիան: Հետևաբար դժվար է պատկերացնել, որ Իշխան Զաքարյանը Սերժ Սարգսյանի ղեկավարած հիմնարկում պետք է լրջագույն խախտումներ բացահայտի, կամ դրանց արդյունքում որոշակի պատիժներ կիրառվեն: Անգամ շատ վառ երևակայություն ունենալու դեպքում, թեկուզ զուտ տեսական մակարդակով, նման բան պատկերացնելն անհնար է: Բանն այն է, որ ոչ միայն նախագահական ապարատի, այլև մնացած պետական կառույցների պարագայում անգամ Վերահսկիչ Պալատի ստուգումները իրավական և քաղաքական որևէ լուրջ հետևանք ցայսօր չեն ունեցել, չնայած այն հանգամանքին, որ Իշխան Զաքարյանի ղեկավարած կառույցը գրեթե բոլոր ստուգումների ժամանակ, որպես կանոն, բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել: Այդպիսիք անցյալ տարի, օրինակ, հայտնաբերվել էին նաև Երևանի քաղաքապետարանի, գրեթե բոլոր մարզպետարանների, նախարարությունների ու համայնքապետարանների ստուգումների ժամանակ: Ստուգման տպավորիչ արդյունքները սովորաբար ուղարկվում են դատախազություն, որոշ ժամանակ անց հայտարարվում է, որ պետական բյուջեին հասցված վնասը այս կամ այն չափով վերականգնվել է, և այդքանով էլ հարցը փավում է: Մինչև օրս Վերահսկիչ պալատի բացահայտումների հիման վրա բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ ու պաշտոնանկություններ չեն եղել, պետական բյուջեի չարաշահման չափերի նվազման վերաբերյալ նույնպես վերլուծություն չկա: Թերևս բախտը չժպտաց միայն կենսաթոշակային ֆոնդի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանին:

Ինչ վերաբերում է նախագահականին, ապա իսկապես իրավական երկրում ապրելու դեպքում այդ ստուգումը պետության համար կարող էր շատ շահեկան և կարևոր ելք ունենալ:

Վերջերս Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից հրապարակված վերլուծությունը ցույց տվեց, որ հենց նախագահական ապարատում պետական բյուջեի միջոցներից առնվազն 500 մլն դրամ փոշիացվել էր:

2010-2012 թվականներին Հայաստանի նախագահի աշխատակազմից 500 միլիոն դրամի չափով դրամաշնորհներ էին տրամադրվել 31 հասարակական կազմակերպությունների: Ամիսներ առաջ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից ստացել էր պաշտոնական պատասխան՝ դրամաշնորհների վերաբերյալ: Պարզվել էր, որ դրամաշնորհներ ստացած իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները պետական ռեգիստրում գրանցված հասցեներում պարզապես չկային, իսկ որոշները գրանցված էին գոյություն չունեցող հասցեներում: Հայ հասարակությունը, որևէ բան հիշյալ կազմակերպությունների («Երիտասարդների երկիր», «Արբանյակ», «Կրթված սերունդ կրթական ասոցիացիա») գործունեության վերաբերյալ երբևէ չի լսել: Պարզվել էր նաև, որ լրագրողները որոշ բացահայտումներ են կատարել կազմակերպություններից մի քանիսի հետ կապված. դրանցից («Արբանյակի», «Կրթված սերունդ կրթական ասոցիացիայի» և էլի ուրիշների) հիմնադիրների անունները համընկել են, այսինքն՝ գրանցված են եղել նույն մարդկանց անուններով:

Բայց Իշխան Զաքարյանը այս 500 մլն դրամին չի անդրադառնալու: Այդ մասին ասել է ինքը՝ Իշխան Զաքարյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի՝ «Արդյո՞ք Վերահսկիչ պալատն իր տարեկան ծրագրի շրջանակներում կանդրադառնա՞ Հայաստանի նախագահի աշխատակազմին պետբյուջեից հատկացված միջոցների, մասնավորապես` այդ 500 միլիոն դրամի օգտագործման արդյունավետությանը» հարցին. «Դա Ձեր ասած կառույցի հետ կապ չունի: 500 միլիոն` էդպիսի դրամաշնորհ չկա 2013 թվականի ծրագրով, դա Ձեզ վստահ ասում եմ»:

Հիշեցմանը, որ խոսքը 2010-12 թվականների մասին է, Վերահսկիչ պալատի նախագահը արձագանքել է. «Մենք նայում ենք 13 թվականը` 13 թվականի ծրագրով չկա նման բան»:

Եթե Վերահսկիչը հանրային մեծ սկանդալի վերածված 500 մլն դրամի կասկածելի դրամաշնորհներին չի անդրադառանում, հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակով է ստուգում իրականացնում նախագահական ապարատում: Սերժ Սարգսյանն այս դեպքում կասեր՝ ստուգում ես, որ ի՞նչ անես…

Թերևս Իշխան Զաքարյանի ստուգումը Բաղրամյան 26-ի PR նախագծի շրջանակում իրականացված ակցիա է, որ բոլորը տեսնեն՝ նախագահը նույնպես օրենքի առաջ հավասար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել