
Էս լրբի ու փչացածի աշխարհում մի՞թե չի մնացել գեթ մեկ բան, որն ունակ լինի լուսավորել եւ թեկուզ փոքրիկ իմաստ հաղորդել այս դառնացած կյանքին: Պատասխանում եմ. կա եւ նրա անունը մաքրություն է:
Հենց այստեղ շատերը զարմանքով կլցվեն եւ կասեն. «Այ տնաշեն, հո չասիր, գոնե ուրիշ մի բան ասեիր, թե չէ մաքրությունը ո՞րն է, խի՞, ըտենց բան էլ կա՞»: Այո, կա, եւ նորից եմ կրկնում. դա երեխաների մաքրությունն է, որն իր ուսերի վրա կանգուն է պահում էս ոչ ու փուչ աշխարհը: Մաքրության մասին խոսելը շատ պատասխանատու առաքելություն է, սակայն կփորձենք որոշակի մոտեցումներ, այնուամենայնիվ, ներկայացնել: Եվ այսպես. «մաքուր» բառը հայոց լեզվում կմնար լոկ որպես բառ, եթե չլինեին երեխաները, ովքեր միս ու արյուն են հաղորդում այդ բառին, իմաստավորում, մարմնացնում եւ շունչ հաղորդում նրան: Եթե ասվում է՝ երեխաները «մաքուր» են, կարծում եմ՝ այդտեղ կիսատ բան կա, քանզի երեխաները ոչ թե մաքուր են, այլ` կատարյալ մաքուր են, բացարձակ մաքուր, լիարժեք մաքուր, այլ խոսքով, նրանց մաքրությունն անթերի է: Եվ հենց այստեղ էլ ծնվում է հարցերի հարցը. հնարավոր է արդյո՞ք, թեկուզ հնարքով, մշտապես պահպանել այդ մաքրությունը:
Ցավոք սրտի, այս հարցի պատասխանը «ոչ» է: Իսկ դրա միակ մեղավորը ժամանակն է, որը մշտապես հոսում եւ իր քայլքին համահունչ, անընդհատորեն անմաքուր տարրեր է ներարկում այդ մաքրությանը` երեխաներին, իսկ նրանք շարունակաբար փոշոտվում ու այլակերպվում են՝ աստիճանաբար կորցնելով իրենց իդեալական մաքրությունը: Իհարկե, այստեղ զարմանալի ոչինչ չկա, քանզի սա կյանքի բնական ընթացքն է, որը թույլ չի տալիս մշտապես պահպանել նորածնի (մաքրության խորհրդանիշի) անարատ վիճակը: Գոնե մանուկների մաքրության պահպանման հարցում մարդկային ցանկությունն այնքան մեծ է, որ նման պահանջ միշտ էլ կա, սակայն` ցավալիորեն դա անհնարին է, այլ խոսքով, դա նույնն է, որ դրվի ժամանակի կանգառի պահանջ: Ակնհայտ է, որ դա անհնարին է, քանզի այն ուղղակի կարձանագրի մարդկային կյանքի ավարտը:
Փաստորեն, պտուղը, հաղթահարելով իր արգանդային ժամանակի սահմանագիծը, ձեռք է բերում նորածնի կարգավիճակ եւ սկսում առաջնորդվել իր համար արդեն նախատեսված հետագծով` բացարձակ մաքուր ելակետային վիճակով: Դրանով ավարտվում է մարդու բացարձակ մաքուր` իննամսյա արգանդային կյանքը, եւ սկիզբ է դրվում ապականված երկրային կյանքի երթուղիներից որեւէ մեկով պարտադրաբար անցնելուն: Իսկ երկրային կյանք կոչվածն անմաքրության մի օվկիանոս է, որի միջով անհնար է անցնել` առանց քիչ, թե շատ կեղտոտվելու: Ուղղակի, աղտոտվելու աստիճանը կախված կլինի նրանից, թե որքան զգուշությամբ կհաջողվի անցնել այդ ճանապարհը: Այլընտրանք չունեցող այդ օվկիանոսում տարաբնույթ` հիմնականում մրոտ ու կեղտոտ արահետներ են, որոնցից ամենաանմաքուրը մեղքերի արահետն է, որով անցնելն ամենաանպատվաբերն է մարդ արարածի համար: Չի կարելի ասել, թե արտաքին աշխարհն ամբողջապես մեղավոր աշխարհ է: Այդ իսկ պատճառով, Տերն այն արարելիս նաեւ որոշակի մաքուր լաբիրինթներ է կառուցել, որպեսզի նորմալ, բարի, սկզբունքային մարդիկ կարողանան ճամփորդել դրանցով:
Այդ արահետների մասին տեղյակ են համարյա բոլորը, սակայն շատ-շատերը խուսափում են դրանցից, քանզի երթեւեկելու համար դրանք այնքան էլ դյուրին չեն: Դրանցով կարող են երթեւեկել միմիայն բարոյական, պարկեշտ, սկզբունքային, մաքուր արժեքներ եւ բարի նպատակներ կրող, ուժեղ, իրենց եւ դիմացիններին հարգող, հեռուն տեսնող, նախնիների կանչը մշտապես հարգող, ազգի, ժողովրդի, պետության ցավերով հոգացող, երկրի հզորացմամբ մշտապես մտահոգ, հավատքով եւ աղոթքներով ապրող, կողքիններին բարի կամեցող, օրինականության եւ պարկեշտության սկզբունքներով ապրող, կյանքի մարտահրավերներին դիմակայելու ունակ, արդարամիտ, աշխատասեր եւ նմանատիպ շատ ու շատ այլ սկզբունքներ դավանող մարդիկ, ովքեր, մեծ հաշվով, կյանքի եւ մարդկության աղն են: Հենց նրանք են մշտապես հոգ տանում, որպեսզի երեխաները մեղավոր աշխարհ մտնելիս, հետագայում նաեւ` ճամփորդելիս, ի հնարավորին քիչ աղտոտվեն եւ ի վիճակի լինեն` համեմատաբար անաղարտ ու մաքուր տանել իրենց հասանելիք խաչը, շուրջբոլորը լուսավորել այդ մաքրեմաքուր խաչի ճառագած լույսով ու մոլորյալ հոգիները մաքրել անհավատության տարրերից:
Ինչպես տեսնում ենք, իրականում անհնարին է երեխաների մաքրության պահպանման շարունակական ապահովումը, սակայն եւ գերկարեւոր է, որ այդ ճանապարհին նրանց աղտոտման ընթացքը լինի ի հնարավորին դանդաղ, նվազ եւ չափավոր, ինչը ակամայից օրինակ կծառայի այդ արժեքների տիրույթից դուրս երթեւեկող միլիոնավոր մարդկանց, որոնց մի փոքրիկ մասի դարձի գալն անգամ չափազանց կարեւոր ձեռքբերում կլինի ողջ մարդկության համար:
Արդեն ասվեց, որ այս մեղավոր աշխարհում անհնար է մշտապես ապահովել երեխաների շարունակական մաքրության իրողությունը, սակայն միաժամանակ չափազանց կարեւոր է այդ մաքրության գոյության մաքսիմալ ապահովումը, քանզի այն լինելու է մաքրություն սնուցող այն միակ աղբյուրը, որը մշտապես զգոնացնելու է կյանքի անմաքուր արահետներով երթեւեկող, դրանց ճամփեզրերին «վրաններ» խփած ու դրանք ավարի, հարստության ամբարների վերածած բյուրավոր մոլորվածներին: Այդ մաքրության ուժն այնքան անկասելի է, որ կուրացնելու է բոլոր մոլորյալներին եւ նրանց համար մի նոր լույսի ճանապարհ է սփռելու, որը գնալու եւ հատելու է լոկ մաքրության ու բարոյականության արահետը, որից այն կողմ մահվան տիրույթն է` իր մթագնած եւ լափող փշալարերով…
Մեզ՝ ամեն մեկիս, այս կյանքում մարդ ապրելու ու մարդ մեռնելու մի հնարավորություն է տրվում, եւ եթե շատ հաճախ շեղվում ենք այդ հետագծից, ապա երբեմնի զգոնանալու ու հետդարձի մի ճանապարհ է մնում. դա երեխաների մաքրության` հայելային արտացոլանքի մոգական ուժի ազդեցությունն է մեզ վրա, որը թեկուզ ակնթարթի տեւողությամբ ժամանակով մեզ կտանի` մեր երեխայական տարիների մաքրության դաշտ, որի կորցրած համը մեր մեջ կվերակենդանացնի երբեմնի թագավորած, իսկ այժմ մահացած մաքրությունը, որն էլ դեռ մեր անցնելիք` կիսատ ճանապարհը լուսավորելու միակ հույսն է: Այն կարող է օգնել` անգամ կույրերին ու թույլ տեսնողներին, քանզի ի ուրախություն մեզ, կյանքի արահետները դեռեւս մասնավորեցված չեն, եւ մաքրություն կոչվող այդ աներեւակայելի թանկ գանձը երբեք չի կարելի փոխանակել ինչ-ինչ անշունչ, սառը մետաղյա գանձերով, որոնք առաջին իսկ հնարավորության պարագայում պատրաստ են հոժարակամ հոսել դեպի ուրիշները: Փառք Տիրոջը, որ գոնե մաքրությունը չի մտնում, ավելին` չի կարող տեղավորվել որեւէ մեկի մենատիրության սահմանների մեջ…