Դիտելով երեկվա Հայաստան-Մալթա հանդիպումը՝ շատ զայրացա: Որոշեցի  նյութս այսօր գրել, որովհետև ցանկանում էի կարդալ այն բոլոր  մեկնաբանությունները, որոնք պետք է գրեին հավաքականի «սիրելի» երկրպագուները: Ինչպես միշտ, երբ հավաքականը պարտվում է, այն մարդիկ, ովքեր ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում, սկսում են սոց. ցանցերում իրենց մեկնաբանությունները թողնել` թերագնահատելով մեր տղաներին և մարզչին: Իսկ որոշ սոցկայքեր սկսում են «գնահատել» մեր տղաների խաղը, որոնք, իհարկե, ապշեցուցիչ գնահատականներ են: Իսկ հիմա ուզում եմ խոսել երեկվա խաղից: Ճիշտ է, հավաքականը չխաղաց այն խաղը, որին մենք սպասում էինք, և, իհարկե, հիմա շատ հուսահատված ենք: Բայց չէ՞ որ պետք է սառը դատել: Մենք հավաքականում ունենք ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՕԶԲԻԼԻՍ, ՄՈՎՍԻՍՅԱՆ…….., ովքեր ակումբներում բազում հաջողությունների են հասել: Մխիթարյանը «Շախտյորում» 25 գոլի և ռեկորդի հեղինակ է դարձել, Օզբիլիսը նույնպես շարունակում է գոլերի հեղինակ դառնալ…. և այլն, և մենք նրանցից հավաքականում սպասում ենք առավելագույնի: Իսկ երեկ մեր հավաքականը պարտվեց խմբի ամենաթույլ մրցակցին` նվիրելով նրան 3 միավոր: Իսկ ի՞նչ անեն այս պարագայում Մխիթարյանն ու Օզբիլիսը: Չէ՞ որ նրանք ներդրեցին իրենց բոլոր ուժերը` խաղալով և՛ պաշտպանի, և՛ կիսապաշտպանի, և՛ հարձակվողի դիրքում: Բայց ի՞նչ անեն, եթե չունենք համապատասխան պաշտպանություն, եթե Մխիթարյանը շրջափակված է հակառակորդի պաշտպանների կողմից, եթե հիմնական կազմում խաղում են մի քանի անփորձ և երիտասարդ ֆուտբոլիստներ, եթե Գևորգ Ղազարյանը ունի դեղին քարտ, եթե Հրայր Մկոյանն ու Լևոն Հայրապետյանը ունեն վնասվածքներ… ԱՍԵՔ, ի՞նչ անի Վարդան Մինասյանը, ի՞նչ անեն Հենրիխ Մխիթարյանն ու Արաս Օզբիլիսը: Մեր տղաներին մնում է մի բան. կենտրոնանալ և տրամադրվել Դանիայի դեմ խաղին, որովհետև մեզ հունիսի 11-ին հեշտ խաղ չի սպասվում: Բայց մեր հավաքականը բազմիցս է ապացուցել, որ կարող է հաղթել ցանկացած թիմի: Մնում է հավաքվել և թիմային, Հայաստանի հավաքականին բնորոշ խաղ ցույց տալ: Իսկ եղածը եղած է, ոչինչ չենք կարող փոխել: Պետք է ժամանակավոր մոռանալ Մալթայից կրած պարտությունը և ուղևորվել Դանիա: Ինչ էլ որ լինի, մենք հավատում ու երկրպագում ենք ձեզ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել