Եվ էլի ֆուտբոլի մասին: 
Ես, իհարկե, մարզական մեկնաբան չեմ ու մանավանդ ֆուտբոլային տեսաբան չեմ: Բայց այդ գրավիչ խաղից մի թեթև գլուխ եմ հանում...
Ինչո՞ւ մերոնք պարտվեցին կարգով անհամեմատ ցածր համարվող Մալթայի հավաքականին: 
Իմ ընկալմամբ, մերոնք պարտվեցին, որովհետև գրեթե դադարել են ստեղծագործելուց: Կրնկով տեղի-անտեղի փոխանցումները հաշիվ չեն: 
Խոսքն ամենից առաջ մարզչական ստեղծագործ մոտեցման, նոր մտահղացումների մասին է: 
Բոլորը երկու տարի առաջ տեսան, հասկացան ու վերլուծեցին Հայաստանի խաղը, ուժեղ և թույլ կողմերը: Բայց Հայաստանը շարունակեց նույն կամ գրեթե նույն տարբերակով խաղալ: Դրա դեմ արդեն բոլորը, անգամ Մալթան և Լյուքսեմբուրգը, որին ընկերական խաղում չկարողացանք հաղթել, հակախաղ գտել են (գցել տեմպը, ձգել ժամանակ, հագեցած երկշերտ պաշտպանություն և այլն): 
Ավելին, չի նկատվում, որ մեր թիմը մարտավարական ճկունություն ունենա: Չի նկատվում, որ խաղի ընթացքում տարբեր մարտավարական սխեմաներ սկսի կիրառել՝ ելնելով իրավիճակից: 
Կարճ ասած, պետք են նոր մտքեր, նոր մտահղացումներ, թարմություն է պետք: 
Իսկ դա գերազանցապես մարզչի ու մարզչական շտաբի խնդիրն է: 
Մեր հարձակման գծի խաղացողները, այս խաղաշրջանում, իրենց թիմերում, որ Ուկրաինայի ու Ռուսաստանի՝ մերինից անհամեմատ բարձրակարգ առաջնություններում են խաղում, միասին վերցրած, երևի մի քանի տասնյակ գոլ են խփել (Մխիթարյան՝ ռեկորդային 25, չհաշված գավաթի ու Եվրագավաթների գոլերը, Մովսիսյան - 13, Օզբիլիս - 9 և այլն): Հավաքականի վերջին 5 խաղում խփել են 2 (երկու) գոլ: Արդյոք դա չի՞ հուշում, որ մարզչական շտաբը նրանցից չի կարողանում «քամել» առավելագույնը: 
Ի՞նչ անել: 
Առաջինը, ինչ անցնում է մտքով, այն է, որ Դանիայի հետ խաղից հետո, անկախ այն բանից, թե ինչպես այն կավարտվի, պետք է շնորհակալություն հայտնել Վարդան Մինասյանին նախքան այս կատարած աշխատանքի համար և հրավիրել նոր մարզիչ (հայ, թե արտասահմանցի, կարևոր չէ): Հասկանալի է, որ նոր մարզիչը պետք է լինի բարձրակարգ: 
Հասկանալի է, որ սա սպորտ է, և ոչ ոք ապահովագրված չէ պարտություններից: Հասկանալի է: Ազգային հավաքականը կարող է լավ խաղալ ու պարտվել (Իտալիա), կարող է վատ խաղալ ու պարտվել (Չեխիա), բայց ազգի մարզական պատվի հետ խաղալո՛ւ իրավունքը չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել