Մեղրը քաղցր է, որովհետեւ մայրիշխանությանը ենթակա բազմահազարանոց մեղվաընտանիքը հասել է խաղաղության: Ոչ մեկը չի կարեւորում իր տզզոցը: Ուսուցանվում, օրհնվում է միայն փեթակի և մեղրի մաքրությունը:
Փեթակի մուտքը լայն չէ, որ թշնամի կամ գազան ներս խուժի: Իսկ եթե օտար մի մեղու գողի պես ներս է մտնում, ազատամարտիկ մեղուների կողմից մահ է գտնում: Մահ են գտնում նաւ բոռերը, եթե էլ չեն աշխատում:
Ես կարող եմ մի զարմանալի դեպք վկայել:
Մի ագահ մուկ մեղրահաց ուտելու համար մտել էր փեթակ: Պատկերացրեք՝ եթե մեղուների միաբանությունը պայքարի համար համընդհանուր ժողով գումարեր կամ սարսափեր մկան մեծությունից, մուկը իր սատանական գործը կաներ-կպրծներ:
Իմացեք. մեղուների կյանքը իրենց խայթոցի մեջ է պահվում: Նրանք, անշունչ լինելով, քաջաբար խայթեցին. սատկացրին թշնամի մկանը: Մկան դին մեծության պատճառով չէին կարող փեթակից դուրս հանել: Մեղուների համար ավելի մեծ արհավիրք կլիներ, եթե մկնիկի գարշ դիահոտը դառնար տարածուն: Առանց մորմոքի ու ափսոսանքի ոտից գլուխ մեղրամոմով պատեցին անշնչացած մկնիկին:
Նրանք պղծության ու ագահության դեմ անմիտ չգտնվեցին: 
Իմաստնորեն պետք է հասկանանք, որ մեղուների նման մենք նույնպես ունենք խայթոց: 
Իսկ կյանքը խայթոցի մեջ է պահվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել