Կան ազգային և բարոյական արժեքներ, որոնք ամեն մի ժողովուրդ յուրովի է պահում և պահպանում։ Օրինակ՝ երբ կարդում ես Հին կտակարանը, հրեա ժողովուրդը իր հավաքական կյանքը, գետտոյական վիճակում պահելու համար, ստեղծել է օրենքներ, որոնց կառչած մնալով իմաստավորում է հավաքական կյանքի նշանակություն, որով և երկու հազար տարի առանց պետականության կարողանում է ոչ միայն գոյատևել, այլև իր ապրած որևէ երկրում խաղալ քաղաքական, լրատվական, ֆինանսական և արդյունաբերական առաջնորդի դեր։ Ուրեմն ազգային բարոյական ընկալումն ու հավաքական կյանքի ուժեղ ձևավորումից է կախված տվյալ ժողովրդի միասնական կյանքի իմաստավորումը։ 
Շատ հետաքրքիր մի հոդված եկավ այդ մասին մտածել տալու, թե ամեն մի ժողովուրդ ուրույն կերպով է իրականացնում այդ արժեհամակարգի պահպանումը։ Եվ ահա մամուլից տեղեկանում ենք։

Կնոջը բռնաբարողին և սպանողին թաղել են ողջ-ողջ:
Բոլիվիայում գյուղացիները դաժան հաշվեհարդար են տեսել բռնաբարության և զոհին սպանելու մեջ կասկածվող 17-ամյա պատանու նկատմամբ: Նրանք ուղղակի տղային գցել են գերեզմանի փոսի մեջ և ողջ-ողջ թաղել: Այս մասին հաղորդում է «delfi.lv» կայքը՝ հղում անելով տեղական «La Razon» թերթին:

Կալկեչակ գյուղի 17-ամյա բնակչի նկատմամբ իրականացված հաշվեհարդարին մասնակցել է 200 տեղացի բնակիչ: Այս մասին տեղեկացնում է «Sky News»-ը՝ հղում անելով Բոլիվիայի ոստիկանությանը:

Ողջ-ողջ թաղված Սանթոս Ռամոսին գյուղացիները կասկածել են 35-ամյա Լինդրա Արիաս Ջանկոյին բռնաբարելու և սպանելու մեջ: Կնոջ թաղման արարողության ժամանակ, ամբոխը բռնել է պատանուն, կապկպել ու նետել այն փոսի մեջ, որտեղ մինչ այդ իջեցվել էր դագաղը: Միայն դրանից հետո է գերեզմանը ծածկվել հողով:

Ինքնադատաստանը ոստիկանության և դատախազության կողմից չխոչընդոտելու նպատակով՝ գյուղացիները փակել էին գյուղ տանող ճանապարհը:

Երբ ավարտեցի հոդվածի ընթերցանությունը, ակամայից մտաբերեցի Հին կտակարանյան բազում դարձվածքներ, ուր հրամայվում էր չարություն գործած անձանց «քարկոծելով սպանել, որպեսզի այդ կերպ չարը վերանա ձեր միջից»։ Իսկ Նոր կտակարանում կա Քրիստոսի նշանավոր խոսքը. «Եթե ծառը բարի պտուղ չի տալիս, հարկավոր է նրան կտրել և նետել կրակի մեջ այրվելու», որպեսզի նրանից ոչ մի բջիջ կենդանի չմնա և այդ կերպ հանկարծ չծլարձակի…
Ամեն մեկը յուրովի է մաքրում իր հավաքական կյանքի անտառը։ Ասում են՝ եթե վերացնում են գայլերին, անտառները դատապարտվում են մահվան…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել