Տրդատ Մեծին հաջորդեց որդին` Խոսրով III Կոտակը (330-338): Նրա կառավարման առաջին տարիները խաղաղ անցան: Խոսրով Կոտակը ծավալել է շինարարական աշխատանքներ, հիմնել է Դվին քաղաքը, տնկել Տաճար մայրի եւ Խոսրովակերտ արգելանոց անտառները: Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագրով կաշկանդված Պարսկաստանը խրախուսում էր որոշ հայ նախարարների կենտրոնախույս հակումները: 
Խոսրով Կոտակը հարկադրված էր զենքի ուժով ճնշել ներքին խռովությունները, սրի քաշել ըմբոստացած տոհմերին: Խոսրովը ստիպված սահմանեց օրենք, ըստ որի 1000-ից ավելի զորք ունեցող նախարարներն ապրելու էին արքունիքում, որպեսզի լինեին թագավորի անմիջական հսկողության ներքո եւ անջատողական ձգտումներով հանդես չգային: 
336թ. պարսից արքա Շապուհ II-ի հրահրմամբ Հայաստան ներխուժեց մազքութների թագավոր Սանեսանը: Օշականի ճակատամարտում հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանը ջախջախեց թշնամուն եւ սպանեց Սանեսանին: 
337թ. Մծբինի դաշնագրի ժամկետը լրանալուն պես Հայաստան արշավեց Շապուհ II-ը: Հակառակորդին միացավ նաեւ դավաճան նախարար Դատաբեն Բզնունին: Վանա լճի մոտ, Առեստի ճակատամարտում Վաչե Մամիկոնյանը ջախջախիչ պարտության մատնեց ոսոխին, սակայն ինքն էլ հերոսաբար զոհվեց: Այդ ճակատամարտից հետո Գրիգոր Լուսավորչի որդին` Վրթանես կաթողիկոսը կարգ սահմանեց, որ հայրենիքի եւ հավատքի համար զոհված զինվորների հիշատակը պետք է միշտ վառ պահել` ինչպես սրբերինը: 
Խոսրով III Կոտակի մահից հետո պարսկական զորքերը վերստին ներխուժեցին Մեծ Հայք: Սակայն թագաժառանգ Տիրանը հռոմեական զորքերի օգնությամբ նրանց դուրս մղեց եւ հաստատվեց հայրենի գահին (338-350): Տիրանը փորձեց սահմանափակել տնտեսապես չափազանց հզորացած եկեղեցու կալվածքները, տապալեց ընդդիմացող կաթողիկոս Հուսիկ Ա Պարթեւին եւ կաթողիկոսական աթոռին դրեց Աղբիանոսյան տոհմի ներկայացուցիչ Փառեն Աշտիշատցուն: 
350թ. Շապուհ II-ը խոշոր բանակով ներխուժեց Մեծ Հայք, խարդախությամբ գերեվարեց Տիրան արքային եւ կուրացրեց: Սակայն նույն թվականին հայ-հռոմեական միացյալ զորքերը Բասեն գավառում, Ոսխայի ճակատամարտում գլխովին ջախջախեցին պարսկական ուժերին: Շապուհը հարկադրված էր կնքել հաշտություն եւ գերությունից վերադարձնել Հայոց արքային: Քանի որ Տիրանը կույր էր, գահը հանձնեց որդուն` Արշակ II-ին (350-368): 
Արշակ II-ը հաշտվեց Գրիգոր Լուսավորչի տոհմի հետ եւ կաթողիկոսական աթոռին հաստատեց Ներսես Ա Պարթեւին, փորձեց բարելավել հարաբերությունները բոլոր նախարարական տների հետ: Այդ քայլերը բարենպաստ ազդեցություն ունեցան երկրի զարգացման ու հզորացման համար: 
354թ. Աշտիշատում տեղի ունեցավ առաջին հայկական եկեղեցական ժողովը: Այստեղ որոշումներ ընդունվեցին հարկերը չափավորելու մասին, արգելվեցին մերձավոր հարազատների ամուսնությունը, բազմակնությունը եւ այլ հեթանոսական սովորույթներ: Որոշվեց եկեղեցու եկամուտների հաշվին բացել անվճար հյուրանոցներ, հիվանդանոցներ, ծերանոցներ, որբանոցներ եւ այլ բարեգործական հաստատություններ, բոլոր բնակավայրերում պետք է հիմնվեին դպրոցներ: Նման սոցիալական ու կրթական խոշորամասշտաբ ծրագրերի ու գաղափարների իրագործումը չափազանց առաջադեմ երեւույթ էր: 
Կենտրոնական իշխանության տնտեսական եւ քաղաքական հզորությունը մեծացնելու նպատակով Արշակը Կոգովիտ գավառում հիմնեց Արշակավան քաղաքը, ուր բնակվելու հրավիրեց բոլոր ցանկացողներին: Տասնյակ հազարավոր գյուղացիներ լքում էին նախարարների տիրույթները եւ գալիս Արշակավան: Դա հարուցեց նախարարների դժգոհությունը, որոնք կործանեցին Արշակավանը եւ ձախողեցին արքայի ծրագրերը: Արքունի եւ նախարարական զորքերի միջեւ ճակատամարտը հաղթանակ չբերեց կողմերից որեւէ մեկին, եւ Ներսես Մեծ կաթողիկոսի միջնորդությամբ թագավորը հաշտվեց նախարարների հետ: 
363թ. վերսկսված պարսկա-հռոմեական պատերազմի ժամանակ Արշակ II-ը միացավ հռոմեացիներին: Սակայն Հուլիանոս կայսրի զոհվելուց հետո, նրան հաջորդած կայսր Հովիանոսը Շապուհ II-ի հետ կնքեց Հռոմի համար ստորացուցիչ պայմաններով հաշտության պայմանագիր եւ պարտավորվեց այլեւս չաջակցել Արշակին: Այդ պայմանագիրը հռոմեացի պատմիչներն անվանել են «ամոթալի դաշինք»: 
Օգտվելով նպաստավոր իրավիճակից` 364թ. գարնանը Շապուհ II-ը խոշոր ուժերով ներխուժեց Մեծ Հայք, միաժամանակ Արշակ II-ի դեմ բերեց որոշ դժգոհ նախարարների` Մերուժան Արծրունու եւ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ: Արշակ II-ը եւ տաղանդավոր սպարապետ Վասակ Մամիկոնյանը չորս տարի հերոսաբար դիմագրավեցին պարսկական զորքերին եւ պահպանեցին Մեծ Հայքի թագավորության անկախությունը: Զենքի ուժով չհասնելով հաջողության` Շապուհը դիմեց նենգության: Նա, հաշտություն կնքելու պատրվակով, 368թ. Տիզբոն հրավիրեց Արշակին ու Վասակ Մամիկոնյանին եւ կալանավորեց: Սպարապետին տանջամահ արեցին, իսկ արքան մահացավ Անհուշ բերդում: 
368թ. պարսկական բանակը ներխուժեց Մեծ Հայք, ավերեց խոշոր քաղաքները, գերեվարեց հարյուր հազարավոր բնակիչների, ռազմակալեց երկիրը: Հայոց թագուհի Փառանձեմը փոքրաքանակ արքունի կայազորով եւ գանձերով ամրացավ Արշարունիք գավառի Արտագերս ամրոցում: Նա 14 ամիս հերոսաբար դիմադրեց թշնամուն, սպասելով հռոմեական ուժերի օգնությանը` թագաժառանգ Պապի եւ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ: Ի վերջո` սովի եւ համաճարակի հարկադրանքով Արտագերսը հանձնվեց թշնամուն: Պարսիկները կողոպտեցին Արշակունյաց գանձերը, տանջամահ արեցին Փառանձեմին: 
Պապ թագավորի (369-374թթ.) եւ Մուշեղ Մամիկոնյանի շուրջ համախմբված հայրենասեր նախարարները մի շարք հաջող մարտեր մղեցին պարսկական զավթիչների դեմ եւ ազատագրեցին երկրի մեծ մասը: Շուտով Հռոմի Վաղես կայսրը օգնական զորամաս ուղարկեց Մեծ Հայք: Մուշեղ Մամիկոնյանը Շապուհին խայտառակ պարտության մատնեց Ատրպատականում: 371թ. գարնանը հայ-հռոմեական միացյալ ուժերը Բագրեւանդ գավառի Ձիրավի դաշտում Նպատ լեռան մոտ գլխովին ջախջախեցին պարսկական բանակը: Շապուհը հարկադրված եղավ հաշտություն կնքել, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը եւ Պապ Արշակունու գահակալությունը: 
Երիտասարդ ու եռանդուն Հայոց արքան մեծ ջանքեր գործադրեց նաեւ երկրի առջեւ ծառացած ներքին խնդիրների լուծման ուղղությամբ: Նա զենքի ուժով ճնշեց կենտրոնական իշխանության դեմ ապստամբած նախարարներին եւ վերամիավորեց Մեծ Հայքի ամբողջականությունը: 
Պապը փորձեց թուլացնել եկեղեցու տնտեսական հզորությունը եւ այդ միջոցներն օգտագործել երկրի պաշտպանունակությունը ուժեղացնելու համար: Նա փակեց կուսակրոն հաստատությունները, որոնք խոչընդոտում էին բնակչության վերարտադրությանը եւ կլանում երիտասարդ ուժերին, կրճատեց եկեղեցու հողային կալվածքները եւ եկեղեցու օգտին գանձվող հարկերը, սահմանափակեց հոգեւորականության իրավունքներն ու արտոնությունները: Նա ընդարձակեց զինված ուժերը եւ բռնագրաված հողերը շնորհեց զինվորական ծառայություն կրող մանր ազնվականներին: Այդ քայլերի շնորհիվ կազմավորեց ուժեղ եւ մարտունակ բանակ, իսկ զորքի թիվը 10.000-ից հասավ 90.000-ի: Պապը բարելավեց հարաբերությունները նաեւ Պարսկաստանի հետ, որպեսզի թուլացնի կախումը Հռոմից: 
Հայոց արքայի ընդգծված ազգային եւ ինքնուրույն քաղաքականությունը հարուցեց հռոմեական արքունիքի դժգոհությունը: Հռոմին պետք էր թույլ եւ կախվածության մեջ գտնվող թագավոր, իսկ ուժեղ ու ինքնուրույն Հայոց արքան, որը փորձում էր բարեփոխումների միջոցով երկիրը դուրս բերել ճգնաժամից եւ վերականգնել հայկական պետության նախկին հզորությունը, կարող էր խոչընդոտել կայսրության ծավալապաշտական հետագա ծրագրերին: Ի վերջո, Պապ թագավորը դարձավ Վաղես կայսեր կազմակերպած դավադրության զոհը: Հայաստանի հռոմեական դեսպանը Հայոց արքային հրավիրեց խնջույքի եւ հյուրասիրության ժամանակ սպանեց: Նույնիսկ հռոմեացի պատմիչները այդ ոճիրը հիշում են արգահատանքով: Այսպիսով` երիտասարդ արքայի բարեփոխումները մնացին անավարտ, իսկ երկրի հզորացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը տապալվեցին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել