
Հայաստան – Մալթա 0-1 խայտառակ պարտություն և խայտառակ խաղ: Մեր հավաքականը պարտվեց մի թիմի, որը վերջին անգամ հաղթել էր 2006 թվականին: Պարտության պատճառները շատ էին: Պատճառներից գլխավորը ֆեդերացիայի անլուրջ վերաբերմունքն է ֆուտբոլին: Մյուսը, իհարկե, մարզչական շտաբի սխալ աշխատանքն է, հատկապես կադրային ընտրությունները: Պաշտպանությունում ձախից խաղում էր կենտրոնական պաշտպան համարվող Վալերի Ալեքսանյանը, կենտրոնում խաղում էին ընդհանրապես փորձ չունեցող Տարոն Ոսկանյանը և վերջին հազարամյակում խաղային պրակտիկա չունեցող Ռոբերտ Արզումանյանը, որը, սակայն, համարվում է պաշտպանության առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Իսկ Տարոն Ոսկանյանը և մյուս երտասարդ ֆուտբոլիստները փորձի պակասը կարող են լրացնել նաև ընկերական հանդիպումներում: Ինչ վերաբերում է պաշտպանության աջ եզրին, որտեղ խաղում էր Կամո Հովհաննիսյանը, այստեղ խաղը ձախողվեց 101 տոկոսով: Կարելի է ասել պաշտպանությունը փառահեղ կերպով ձախողեց խաղը: Արազ Օզբիլիսը, չգիտես ինչու, գործում էր կենտրոնում, որտեղ խաղում էին նաև Մարկոսն ու Մխիթարյանը, իսկ եզրերը գրոհների ժամանակ ընդհանրապես չէին օգտագործվում: Մեկ դիրքում երեք ֆուտբոլիստի առկայությունը չափազանց շատ է: Հաշվի առնելով մրցակցի ցածր կարգը` Մինասյանը որոշել էր հանգիստ տալ Յուրա Մովսիսյանին: Բայց այս դեպքում ինչո՞ւ մեկնարկային կազմում չէր վերջին մի քանի խաղում «Վոլգայում» փայլուն խաղ ցուցադրող Արթուր Սարկիսովը, նրա փոխարեն խաղում էր մշտապես կայուն խայտառակ վատ խաղ ցուցադրող Մանուչարյանը: Պարոն Վարդան Մինասյան, Ձեզ հարգում ենք շատ որպես մարդ և գլխավոր մարզիչ, Դուք կարող եք հասնել մեծ բարձունքների, սակայն ոչ Հայաստանի հավաքականի հետ, փնտրեք Ձեզ համար մեկ այլ թիմ: