Մի շատ կարևոր բան եմ նկատել մեր մենթալիտետի մեջ: Դա դասական դարձած արտահայտությունն է` «բա ամոթ չի՞, բա մյուսներն ի՞նչ կասեն»: Եվ այս արտահայտության տակ մենք սպանում ենք մեր մեջ, դիմացինի մեջ մարդ-անհատին, ստիպում նրան ձուլվել գորշ մասսային` խուսափելով յուրովի առանձնանալու մղումից: Եկե՛ք ճիշտ հասկանանք և չտրվենք ծայրահեղություններին, խոսքը չի վերաբերում այլասերվածությանը, կամ անբարո պահվածքին, այլ այն փաստին, որ շատուշատերը անընդհատ օգտագործում են նույն արտահայտությունը որևէ մեկի ոչ ստանդարտ մտածելակերպի, ապրելաձևի կամ պահվածքի համար: Եվ այս գիծն այնքան է խորացել մեզանում, որ այն նաև կարելի է մեր քաղաքականության մեջ հանդիպել: Բավական հաճախ են դարձել հասարակական քննարկման դրված նյութերի տակ, որոնք վերաբերվում են, ասենք, նախագահին, որևէ հայտնի արվեստագետի կամ էլ մեկ այլ հասարակական հայտնի դեմքի, նման արտահայտությունը` «ամոթ է, բա մեր հարևաններն ի՞նչ կասեն» կամ` «ինչի՞ եք թշնամուն ուրախացնում, ձեր կեղտոտ լվացքը տա՛նը պահեք» և այլն, և այլն... Այսօր էլ, երբ դիտում էի, թե ինչպես մի խումբ ցուցարարներ սուլում էին նախագահի ավտոշարասյան ետևից, էլի հանդիպեցի նման մտքերի, թե բա ամոթ է, ինչի՞ եք դա նկարել ու տեղադրել համացանց, բա որ մեր թշնամիները տեսնեն... է հա ջհանդամին տեսնեն: Ստեղ են ասել, դրսում խալխի աչքն ենք հանում, ներսում` մե՞ր (ևս մեկ թևավոր խոսք` ի հակադրումն նախորդին): Ես խորապես թքած ունեմ հարևանների, առավել ևս` թշնամիների կարծիքի վրա, եթե իմ երկրում կատարվում է որևէ սխալ կամ վատ բան, ապա զուտ թշնամու «հեղինակավոր» կարծիքից խուսափելու համար չեմ պատրաստվում լռել դրա մասին: Կարծում եմ, որ ավելի լավ է, թո՛ղ բողոքենք, թո՛ղ վեր հանենք սխալները, ուղղենք, ուղղվենք, ու էն ժամանակ էլ կտեսնենք, թե ով «շամպայն կխմի»: Ի՞նչ եմ ուզում ասել, պետք է դուրս գալ կաղապարներից, ինքներս մեզ ազատենք էդ նաֆթալինոտ մտածելակերպից, ամո՛թ չէ սուլել, եթե տեղին է, ամոթ չէ բողոքել, եթե դժգոհ ես, ամոթ չէ գովել, եթե լավն ես նկատում, ամոթը մատաղի գառան պես դեպի կործանում գնալն է, երբ հասկանում է, թե իրեն ինչ է սպասվում, բայց միևնույնն է, գլուխը կախ գնում է, որովհետև «տենց ա պետք», «դրուգ ուրիշներն ինչ կասեն...»:
Հ.Գ. Գառներին ու գառնարածներին կխնդրեմ չխցկվել էս գրառման մեջ, էս մտածող մարդկանց ա ուղղված...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել