Վարդան Մինասյան. Երկրորդ անգամ հրաժարական տալն անլուրջ բան է

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Մալթայից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո ասաց հետեւյալը.

- Դժվար է նման խաղին որեւէ գնահատական տալ: Պարտվել ենք… Ոչ մի պատճառ չենք էլ կարող բերել, քանի որ սեփական հարկի տակ պարտվել ենք Մալթային…

- Ճգնաժամ բոլորի մոտ էլ լինում: Ի՞նչ ելքեր եք տեսնում՝ այս վիճակից դուրս գալու համար:

- Այս պահին ոչինչ ասել չեմ կարող:

- Կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք չեն համապատասխանում հավաքականի մակարդակին, եւ ինչո՞ւ էր բացակայում Մովսիսյանը:

- Մովսիսյանը բացակայում էր տակտիկական նկատառումներից ելնելով: Խաղից առաջ ես ասել էի, որ շատ խաղացողներ ֆունկցիոնալ վատ վիճակում էին: Մալթան փակ է խաղում, դրա համար նախընտրեցինք Մարկոսին եւ Մանուչարյանին:
Ինչ վերաբերում է համապատասխանելուն, ապա մեր ընտրության հնարավորությունը սա է, ավելի մեծ հնարավորություններ չունենք:

- Նախորդ խաղից հետո հրաժարական տվեցիք: Հնարավո՞ր է, որ կրկին հրաժարական տաք:

-Երկրորդ անգամ հրաժարական տալը անլուրջ բան է: Եթե ես եմ մեղավորը, ապա թող հեռացնեն: Համենայն դեպս, ես ինձ վրա եմ վերցնում ողջ պատասխանատվությունը:

- 4 օրից Դանիային եք հյուրընկալվելու: Կկարողանա՞ք հոգեբանորեն վերականգնել թիմին:

- Կփորձենք: Մենք ֆուտբոլիստներին նայում ենք անուններով՝ Մովսիսյան, Մարկոս…
Բայց պետք է նայենք, թե տարվա ընթացքում քանի խաղ են անցկացնում իրենց ակումբներում… Ֆուտբոլում մանրուքներ չկան: Երբ նրանք բոլորը խաղում էին, մենք հաղթում էինք:

- Չե՞ք կարծում, որ հեռվից հարվածները շատ չէին:

- Համաձայն եմ, որ պետք է հեռվից ավելի շատ լինեին հարվածները, քանի որ, երբ մրցակիցը փակ է խաղում, ապա պետք է հեռվից ավելի շատ հարվածես:

- Արդյո՞ք արագ գոլը ընկճեց Հայաստանին:

- Այս խաղն ամեն պարագայում պետք է հաղթեինք: Պատճառներ չենք կարող գտնել…

- Ձեր մեջ երեւի պետք է ուժեր գտնեք, որ կարողանաք թիմին պատրաստել Դանիայի հետ խաղին: Մի տեսակ ընկճված եք…

- Ես մարդ եմ, հասկացեք, որ 4 պարտությունից հետո դժվար է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել