Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլում սեփական հարկի տակ չկարողացավ նույնիսկ ոչ-ոքի ավարտել հանդիպումը աշխարհի դասակարգման աղյուսակում 156-րդ տեղում ընթացող Մալթայի ընտրանուն (0-1), և այս անգամ ի՞նչ կարող է ասել Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Անատամ, անիմաստ և ուղղակի անհետաքրքիր ֆուտբոլ, որը անակնկալի չբերեց գերհամեստ Մալթայի հավաքականին: Կրկին կոպիտ սխալներ պաշտպանությունում, անատամ գրոհներ կիսապաշտպանությունում, իսկ հարձակման գծի մասին խոսելն անիմաստ է:

Footballcity.am -ը մասնագետները առանձնացրել են այն պատճառները, որ ապացուցում են Վարդան Մինասյանի՝ պարտության գլխավոր մեղավորը լինելը.

- Կրկին սխալ տակտիկա, որը անհասկանալի էր գրեթե բոլորի համար: Միգուցե Տարոն Ոսկանյանը հեռանկարային է, սակայն պետք է հասկանալ, որ նա դեռ երիտասարդ է ու անփորձ: Այս պարագայում կարելի էր վերջին պաշտպանի դիրքում խաղացնել Կառլեն Մկրտչյանին, ում համար խորթ չէ այդ դիրքը: Դավիթ Մանոյանը միայնակ հենակետայինի դիրքում Մալթայի կարգի հավաքականի դեմ միանշանակ բավարար է, իսկ այս պարագայում հնարավոր կլիներ Արթուր Սարկիսովին կամ Յուրա Մովսիսյանին տեսնել մեկնարկային կազմում:

Հավաքականի գլխավոր մարզիչը չի կարող նշել, որ մենք պայքարելու ենք յուրաքանչյուր մրցավեճում հաղթանակի համար և խաղադաշտ դուրս բերել կազմ, որտեղ չկա ընդգծված հարձակվող, որը ամենակոպիտ մարտավարական սխալն էր, իհարկե պաշտպանության հետ մեկտեղ:

Վարդան Մինասյանը, ունենալով 80 րոպե, չկարողացավ վերադասավորել խաղը և հաղթել, կրկին կրկնվենք, գերհամեստ Մալթայի հավաքականին, որն ուղղակի բացատրության կարիք չունի: Շատ դեպքերում մարզիչներն առանց փոխարինումների կարողանում են վերադասավորել խաղը, սակայն Վարդան Մինասյանը, ունենալով Յուրա Մովսիսյան և Արթուր Սարկիսով, չկարողացավ ճիշտ գործել և վերադասավորել հանդիպումը:

Հերթական անգամ Վարդան Մինասյանի Հայաստանի հավաքականը ապացուցեց, որ Հայաստանի հավաքականը չի կարող խաղալ ինչպես հարկն է առաջին համարով, իսկ մեր միակ տակտիկան, եթե նա այս մրցաշրջանում գործում է, հակագրոհային ֆուտբոլն է, որը կարելի է օգտագործել Սլովակիայի, Չեխիայի և նույնիսկ Իտալիայի դեմ մրցավեճերում, իսկ այսպիսի մրցավեճերում երևաց Հայաստանի հավաքականի անելանությունը իրենից կարգով ցածր մրցակիցների հետ մրցավեճերում:

Ամփոփելով հանդիպումը՝ պետք է նշել, որ հավաքականի առաջատարները՝ Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ, ուղղակի ձախողեցին հանդիպումը, և միակ ֆուտբոլիստը, որն իսկապես ակտիվ էր, դա Արաս Օզբիլիզն էր, սակայն նրա օգտակար գործողության գործակիցը բավականին ցածր էր: Այս անգամ ուղղակի հարցեր այնքան շատ են, որ կփորձենք չբարձրաձայնել, որովհետև նրանք անթիվ և անհամար են: Այս պարտությունը ուղղակի բացատրություն չունի և ամոթալի էր Հայասստանի հավաքականի համար, իսկ գլխավոր մեղավորին կարող եք ինքներդ փնտրել, որովհետև մենք արդեն գտել ենք:

Նյութի աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել