Փողոց, կանաչ լույս վառող լուսացույց, ռետինե գլուխներով միանման քառակուսիների մարդկային խումբ, որն ասես «Տխմարների արտադրամաս»-ի վերջին տեսականին լինի, տարօրինակ ու զարմացած հայացքների հարձակում` տարբերվելու մեղադրանքով, ամեն ինչ ու բոլորին մոռանալու ցանկություն... Մի կողմ քաշվեք բոլորդ...
Ես արգելում եմ քեզ, նրան, մյուսին, ընկերներիս, կեղծ հոգեբաններին, բարերարներին, դատարկ խորհրդատուներին, գլխիս քարոզ կարդացողներին, անձս մեծարողներին ու ոտնատակ տվողներին, առհասարակ մարդկանց իմ կողքին լինել, որովհետև ես չեմ կարող մենակ դիմանալ բոլորի ներկայությանը:
Այո, ես եսասերի մեկն եմ, ով կա՛մ մեկի կարիքն ունի, կա՛մ բոլորն ավելորդ են... Ասենք ի՞նչ եմ խոսում, ես պիտի գոյություն ունենամ, որ կողքիս ինչ-որ մեկը լինի, իսկ ես ուղղակի չկամ... Երևի երբեք էլ գոյություն չեմ ունեցել, պարզապես ինչ-որ ժամանակ ինձ թվացել է, որ կամ, որ ապրում եմ, գոյություն ունեմ, որ անուն ունեցող ինչ-որ մեկին էլ է ինձ թվացածը թվացել...
Թվացյալի ու իրականության սահմանն այնքան անորոշ է, որ հաճախ իրականն ու անիրականը կերտում են խաբկանքի համայնապատկերը, ու ամեն ինչ սկսում է թվալ:
Թվում է, թե լռության մեջ ինչ-որ ձայն ես լսում, բայց հենց փորձում եմ պատասխանել, խլանում է: Թվում է, թե քեզ ծանոթ ու միաժամանակ անծանոթ աչքեր հետևում են քեզ, լուսնի նման լուսավորում ճանապարհդ, երբ գիշեր է, խոսում քեզ հետ հայացքի լեզվով, նայում, պարզապես նայում աչքերիդ, երբ քեզ ուրիշ ոչինչ հարկավոր չէ, բայց հենց ուզում ես տեսնել քեզ ամենուր տեսնողին, խավարում է:
Թվում է, թե գրած չգրածներդ անհայտի, անիրական հերոսի մասին են, կոչիր նրան Դարսի կամ ինչպես կուզես, բայց ոչ նրա իսկական անունով, քանզի դա ավելի սարսափելի է, քան կարող ես պատկերացնել: Թվում է՝ այդ բույր կոչվող թմրադեղն է թվում, որ օծանելիք չէ, վաճառքի ենթակա չէ, չես էլ կարող բացատրել, թե ինչպես ես այդ բույրի մեջ նրա ողջ էությունը զգում:
Թվում է՝ քո ներկայությունն է թվում, ինձ հասկանալն է թվում, աշխարհն ու մարդիկ են թվում, նույնիսկ դու ես թվում, տխմարի պես կատարյալ տխմարին`քեզ սիրելն է թվում...
Կախվածություն թվացյալից, ահա իմ հիվանդության անունը: Երբ հավատում, կարոտում ու զգում ես ոչնչին, առաջ շարժվում ոչնչով, մտածում, գրում ու երազում ոչնչի մասին, ապրում ոչնչի համար, որն ինչ-որ ժամանակ ամեն ինչ էր, և որն այնքան իրական էր թվում ...
Ու գալիս է մի պահ, երբ թվացյալի ստվերն անհետանում է եկած անհայտ ճանապարհով` ինձ մենակ թողնելով իրականության հետ. տհաճ հանդիպում, որից դեռ ուշքի չեմ գալիս: Գրողի ծոցը թող գնա կյանքը, որտեղ ամեն ինչ իրական է ու ոչինչ չի թվում ..... ո՞ւր է իմ թվացյալը...
Դատարկություն ... ինչպե՞ս բուժվել դատարկ լինելուց, որտե՞ղ փնտրել թվացյալի հասցեն...
Փողոց, կարմիրը ցույց տվող լուսացույց, երկու անցորդ, որոնցից մեկը այնքան արագ է քայլում, որ մյուսը մի կերպ է կարողանում հասնել նրան:
Դու և քո իրականությունը կարող եք ընկնել առաջին պատահած մեքենայի տակ ու գնալ գրողի ծոցը, բայց ես իմ թվացյալ երազի կարիքն ունեմ, ես իմ կարիքն ունեմ...
Այլևս ոչինչ չի թվում...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել