Ի գիտություն` « …Այգին հիմնադրվել է Հայրենական մեծ պատերազմից հետո: Մինչև այդ այն եղել է Երևանի ամենախոշոր գերեզմանոցներից մեկը: Ասում են, որ այն քանդելիս տարածքն անիծվել է բնակիչների կողմից»:
ՀՀ ԱԺ-ի՝ Հռոմեական կայսրներին հարիր ցանկապատված այգին հանրային դարձնելու գաղափարը միանշանակ արժանացել է Հայաստանի սովորական քաղաքացիների հավանությանը: Դրա մասին են վկայում բազմաթիվ հրապարակումները: Իհարկե տրամաբանական է, որ իշխանության կողմից այդ առաջարկը տարբեր հիմնավորումներով չի ընդունվում: Ճիշտն ասած՝ ինձ միշտ հետաքրքրել է, թե պատգամավորների համար այդ ի՞նչ կարևոր և անհրաժեշտ կենսական նշանակություն ունի այդ հրաշալի, չքնաղ այգին (առանց որի առկայության նրանք ոչ մի կերպ «չեն կարող շարունակել» իրենց «տաժանակիր» աշխատանքը), որ նրանք նույնիսկ չեն ուզում լսել այգին հանրությանը վերադարձնելու մասին…
Հիշեցում` Ազգային ժողովի շենքը կառուցվել է 1947 թ., որի կանաչ հատվածը զբաղեցնում է 1,5 հեկտար տարածք: Շատ շարքային ճարտարապետներ, ինչպես նաև հազարավոր քաղաքացիներ կարծում են, որ Ազգային ժողովին կից զբոսայգին պետք է բաց լինի հանրության առաջ և ցանկապատված չլինի: Նրանք համեմատում են այն արտասահմանյան համանման պետական շինությունների հետ` օրինակ բերելով Վրաստանի Ազգային ժողովի շենքը, որը ցանկապատված չէ: Իսկ հակառակ այս կարծիքի կա նաև իշխանամետ ճարտարապետների կարծիք, որոնք պնդում են, որ Բաղրամյան փողոցը Ռուսթավելին չէ: Այնուհետև շարունակում են արդարանալ, որ Բաղրամյանի բոլոր շենքերը հետ են քաշված, և իրենց դիմաց կան այգիներ, որոնք բոլորն էլ անջատված են ցանկապատներով: Այսինքն՝ տրամաբանությունը հետևյալի մեջ է` սա քաղաքաշինական տարր է, ոչ թե ժողովրդին պատգամավորներից անջրպետելու միջոց, բայց այդ դեպքում անհասկանալի է դառնում, եթե այդ ցանկապատը ուղղակի ճարտարապետական տարր է, ապա ինչո՞ւ են ցանկապատի դարպասների հետևում ոստիկանական և ուժային հենակետեր տեղադրված: Չէ՞ որ ոչ մի քաղաքացի առանց համապատասխան անցագրի չի կարող մուտք գործել վերոհիշյալ այգին, այդ դեպքում կորում է չէ՞ ցանկապատի ֆորմալ բնույթը:
Հ.Գ. Ձեր «փրկարար» օրենքները կարելի է ընդունել ավելի համեստ պայմաններում: Այգին վերադարձրեք հանրությանը…



