

Ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Գարրի Կասպարովը հայտարարել է, որ Քննչական կոմիտեից հարցաքննության հրավեր ստանալուց հետո ինքը հեռացել է Ռուսաստանից: Այդ մասին աշխարհի շախմատի 13-րդ չեմպիոնը գրել է իր «Facebook»-ի էջում:
Նա հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում հանձնվել Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի «մեծահոգությանը»: Կասպարովը նշել է, որ քննիչները ցանկացել են սահմանափակել տեղափոխվելու իր իրավունքները, և որ դրա մեջ ինքը ոչ մի լավ բան չի տեսնում:
Կասպարովը նաև ասել է, որ իր ընդդիմադիր գործընկերները յուրաքանչյուր օր հայտնվում են վտանգի մեջ, և որ նրանց վրա համաշխարհային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի: Նա ընդգծել է, որ ինքը սեփական ուժերի սահմանում կանի ամեն ինչ, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդմիշտ թողնի իր պաշտոնը:
Շախմատիստը նշել է, որ ինքը մնում է Ռուսաստանի քաղաքացի և աշխարհում տեղաշարժվում է ռուսական անձնագրով: Իսկ թե երբ է վերադառնալու Ռուսաստան, Կասպարովը ոչինչ չի ասել:
Իր արտագաղթելու մասին Կասպարովը հայտարարել է Ժնևում, հունիսի 4-ին կայացած մամլո ասուլիսում: Այդ ասուլիսի ձայնագրությունը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում, հաղորդում է «km.ru» կայքը:
Շախմատիստը քաղաքականությամբ սկսել է զբաղվել 2005թ.-ից: Նա մի քանի ընդդիմադիր ակցիաների կազմակերպիչ է: Բացի այդ Կասպարովը նաև «Համերաշխություն» և «Միացյալ քաղաքացիական ճակատ» շարժումների հիմնադիրներից ու մասնակիցներից է: