

«Փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է», - հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը` անդրադառնալով հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության բովանդակության վերաբերյալ Սյունիքի մարզպետարանի տարածած հայտարարությանը:
«Փաստինֆո»-ի թղթակցին Ս.Տռուզյանը պարզաբանեց, որ տեսագրության ամբողջականության մասին դատողություններ կարելի է անել միայն նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո: Ավելին՝ նա ընդգծեց, որ գործող օրենսդրությամբ քրեական գործով տեղեկատվություն տրամադրելու լիազորությամբ օժտված է վարույթն իրականացնող մարմինը, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը: