Բազմիցս բարձրաձայնել եմ այս խնդրի մասին տարբեր հանդիպումների ժամանակ, բայց այդպես էլ խնդրին լուծում չէր տրվում: Սպասում էին, որ երկրով մեկ իմանան դրա մասին, խայտառակ լինեն, որ նոր քայլեր ձեռնարկեն:
Դեռ ԱԺ ընտրություններից առաջ, երբ հանդիպեցինք ԿԳ նախարար պարոն Ա. Աշոտյանի հետ իր աշխատասենյակում, ես ասացի այս դպրոցի և ոչ կոմպետենտ տնօրենի մասին:
Հարցը նրանում էր, որ 2011 թվականի մեր կազմակերպությունը երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ համերգ էր կազմակերպել հաշմանդամ երեխաների համար: Ես անձամբ էի գնացել այդ դպրոց և հանդիպել տնօրենի հետ: Տեղեկացրեցի համերգի մասին և ասացի, որ հաշմանդամ երեխաների համար է համերգը և հրավիրեցի: Ինքը զարմացավ և ինձ ասաց, որ իրենց մոտ մտավոր հետամնացներ են, այլ ոչ թե հաշմանդամներ: Ես զարմացա և հարցրեցի, թե այդ երբվանի՞ց մտավոր հետամնացությունը հաշմանդամություն չէ, որի պատասխանը նա չուներ:
Այդ տնօրենը, ինչպես նաև որոշ դասատուներ մանկավարժության հետ ընդհանրապես կապ չունեն: Դասատուների մեջ կան, որ հավաքարար են աշխատել, մինչև այդ դպրոց գալը:
Դպրոցի աշակերտների ծնողներից ինձ պատմում էին, որ երեխաները առանց վերահսկողության են: Հանգիստ դուրս են գալիս դպրոցի տարածքից և մոտակա խանութներից ծխախոտ են առնում և ծխում: Ձմռանը ավելի ահավոր է: Դասատուները հավաքվում են մեկ սենյակում, թեյում, սրճում և իրենց ժամանակը սպանում, իսկ այդ ժամանակ տարբեր տարիքի երեխաները, առանց վերահսկողության, միևնույն սենյակում անարդյունավետ ժամանակ են անցկացնում:
Ասեմ ավելին: ՀՀ-ում կա այդպիսի դպրոցների մոնիտորինգի խումբ, որը պետք է այցելի այդպիսի դպրոցներ և, եթե չեմ սխալվում, զեկուցի նախարարին: Լսել եմ, որ այդ խմբում հեղինակավոր ՀԿ-եր էլ կան, և պետք է խնդրեմ լրագրողներին պարզել, թե այդ ինչ խումբ է, ովքեր են և ինչու են պարապուրդի մատնել խումբը: 
Իսկ վերջում կավելացնեմ, որ քանի դեռ մեր երկրում կան նման «հոգատար պրոֆեսիոնալներ», մեր երկրում դեռ այսպիսի դեպքերի հանդիպելու ենք:

Կից նյութը`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել