
Իսկ այ սա արդեն հետաքրքիր է: Թուրքիայում օր օրի ահագնացող բողոքի ցույցերում արդեն սկսել են հայտնվել հակա-ալիևյան լոզունգներ: Զարմանալի բան չկա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամեն տարի հազարավոր երիտասարդ ազերիներ գնում են Թուրքիա, ու դրանց մեծ մասը սոցիալապես ու քաղաքականապես ակտիվ ուսանողական զանգված է իրենից ներկայացնում, ովքեր, օգտվելով այն հանգամանքից, որ Թուրքիան ի վերջո այդքան ավտորիտար չէ, որքան Ադրբեջանը, հիմա արդեն իրենց օրակարգային խնդիրներն են բարձրացնում:
Նկարում մենք տեսնում ենք երիտասարդների, ովքեր մի ցուցանակ են պարզել, որի վրա գրված է «Ալիև, հաջորդը դու ես»: Միանգամից անոլոգիաներ են ծագում Մագրիբի ու արաբական աշխարհի այլ երկրների իրադարձությունների հետ, որտեղով երկու տարի առաջ դոմինոյի էֆեկտով անցավ Արաբական գարուն կոչվող հեղափոխությունների շարքը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ Էլչիբեյի իշխանության տարիներից Ադրբեջանը ամեն կերպ ջանում էր իրեն մատուցել որպես երկու պետություն, բարդ չէ կռահել, որ եթե Թուրքիայում ընկնի Էրդողանի վարչախումբը, Ալիևի համար իրոք շատ բարդ կացություն կստեղծվի, քանի որ մի կողմից նա կկանգնի իր ազգաբնակչության մենթալիտետը կոտրել-չկոտրելու առջև (ի վերջո, 20 տարի ասվում էր, որ թուրք եղբայրները ինչ անում են, լավ են անում ու ճիշտ, և այդ դեպքում, եթե թուրքերը հեղափոխություն են անում, ինչո՞ւ ադրբեջանցիները չպետք է անեն), իսկ մյուս կողմից ավելի սուր է դրվելու Ղարաբաղի հարցը, որովհետև Ադրբեջանում արդեն իսկ ակնհայտ է, որ ադրբեջանական հասարակությունում արդեն ֆրուստրացիա է առաջացել Ղարաբաղը վերադարձնելու մասին ամենամյա խոստումներից հետո...
Մյուս կողմից, էլի վերադառնալով նույն Արաբական գարնան օրինակին, եկեք չմոռանանք, որ այդ իրադարձությունները որքան էլ սպոնտան թվային, այնուամենայնիվ, դրանց զարգացման վրա մեծապես ազդում էին օտար ուժերը՝ ի դեմս ԱՄՆ-ի ու ԵՄ-ի, և հարց է առաջանում, թե որքանով են Թուրքիայում զարգացող իրադարձությունները սպոնտան, և եթե դրանք ուղղորդվում են, ապա նշանակո՞ւմ է արդյոք դա, որ միայն Թուրքիայով այս ալիքը չեն սահմանափակի, այլ կտարածեն այն թյուրքական աշխարհի այլ երկրների վրա:
Ալիև, բռնվի...