ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում օրերս պահակակետի հերթափոխի ժամանակ 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Այս օրերին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցան կրակոցներ, որի արդյունքում վիրավորվեց գնդապետ Արտակ Բուդաղյանը։

Այս և այլ թեմաների շուրջ զրուցեցինք պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ: 

«Բանակը պետք չէ առանձնացնել հասարակությունից։ Ռազմական ինստիտուտում կուրսանտը գնդակից մահացավ, այն էլ՝ խելացի, բանիմաց կուրսանտ, ըստ գեներալի նկարագրության՝ շատ նորմալ երեխա է եղել։ Ցավում եմ ես, ցավում եմ, որ վաղվա սպայի վրա մենք ձեռք բարձրացրինք։ Ցավում եմ, որ մի ձեռք գնաց, ով կրակեց Բուդաղյան Արտակի նման հրամանատարի վրա, ով եղել է օրինակելի հրամանատար։ Որ զորամասում Բուդաղյան Արտակը ծառայել է, մենք այդ զորամասում որևիցե դեպք չենք ունեցել։ Ես աղաչում եմ Աստծուն, որ փրկություն բերի մեր Արտակին, որովհետև նման հրամանատարներ, նման ուժ, կորով ունեցող հրամանատարներ մեր ազգին շատ են պետք։ Կուբաթլու, Գորիս, Մարտունի 2-րդ, այսօր էլ՝ Ասկերանի զորամասի հրամանատարն է»։

Մարգարիտա Խաչատրյանը կոչ է անում մեր ժողովրդին, որ զինվորականի համազգեստը հարգեն։ «Բուդաղյանի դեպքը բանակում չի կատարվել, եկե՛ք մտածենք, որ տան տիրոջը զրկում ենք բանակի իր երեխեքից։ Բազմաթիվ զինվորներ կան իր ձեռքի տակ, բազմաթիվ մայրեր սպասում են, որ առաջին գծից իրենց երեխաները ետ կգան, իսկ մենք գլխատում ենք այդ երեխաներին իրենց գլխավորից։ Մաղթում եմ առողջություն, մայրերին՝ համբերություն։ Մենք ունենք հզոր բանակ, մեր հակառակորդը սպասում է, որ մենք սայթաքենք, պետք է թույլ չտանք, որ մեր հակառակորդը ուրախանա մեր դժբախտություններով»,-ասաց Մարգարիտա Խաչատրյանը։

Աղբյուրը` Lurer.com

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել