«Կասպերսկու լաբորատորիան» բացահայտել է լրտեսական ցանց, որի զոհն են դարձել ավելի քան 350 պետական կազմակերպություններ և ընկերություններ աշխարհի 40 երկրներում։ Հանցագործների գլխավոր գործիքը դարձել է NetTraveler ծրագիրը, որը թույլ է տալիս գաղտնի կերպով հետևել համակարգիչներին, հայտնում է hitech.vesti.ru-ն։

Հարձակման օբյեկտների թվում են եղել դեսպանատներն ու դիվանագետները (բոլոր հարձակումների 32%-ը), կառավարական կազմակերպությունները (19%), ռազմական կառույցները (9%), անհատ օգտատերերը (11%), ֆինանսական (3%) և գիտահետազոտական (4%) հաստատությունները, ԶԼՄ-ները (1%), IT ընկերությունները (3%), ինչպես նաև քաղաքական և հասարակական կազմակերպություններ (3%)։ Հարձակումների 7%-ը բաժին է հասել արդյունաբերության և ենթակառուցվածքային օբյեկտներին, իսկ 6%-ը՝ ավիացիայի ոլորտին։

Իր գործունեությունը լրտեսական ցանցը սկսել է, հավանաբար, դեռևս 2004-ին, սակայն հայտնաբերված վիրուսների մեծ մասը թվագրված են 2010-2013թթ.։ Առավել շատ վարակված համակարգիչներ հայտնաբերվել են Մոնղոլիայում, Հնդկաստանում և Ռուսաստանում։ Այլ երկրների թվում են Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը, Հարավային Կորեան, Իսպանիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Չիլին, Մարոկկոն, Հունաստանը, Բելգիան, Ավստրիան, Ուկրաինան, Լիտվան, Բելառուսը, Ավստրալիան, Հոնկոնգը, Ճապոնիան, Իրանը, Թուրքիան, Թաիլանդը, Կատարն ու Հորդանանը։

Վերջին շրջանում կիբերհանցագործներին առավել շատ հետաքրքրել են տիեզերքի ուսումնասիրությունների մշակումները, նանոտեխնոլոգիաները, էներգետիկան, այդ թվում՝ միջուկային, լազերային, բժշկական և հաղորդակցության։

tert.am

ԿԱՐԴԱ ԱՎԵԼԻՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել