Քաղաքական  մեկնաբան

Դեռ 2012 թվականից մեկնարկած և միմյանց հաջորդող ընտրություններն ավարտվեցին: Ընտրական շղթան եզրափակվեց Երևանի ավագանու ընտրություններով (մայիսի 5), որում, ինչպես և նախորդ՝ խորհրդարանական ու նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ ՀՀԿ-ն:
Հայաստանում իրականացվող ընտրական պրոցեսների մասին բազում վերլուծություններ և մեկնաբանություններ եղան, որոնց մի հիմնական մասի հետ դժվար է չհամաձայնել, սակայն ընտրություններից հետո շատ կարևոր է նաև հատուկ ուշադրություն դարձնել ևս մեկ կարևոր հանգամանքի վրա:
Խոսքը, կուսակցությունների գործունեության կամ որ ավելի ճիշտ կլինի ասել, դրանց բացակայության մասին է:
Այն, որ ցանկացած երկրում քաղաքական ուժերը կտրուկ ակտիվանում են հենց ընտրական փուլում, բոլորին է հայտնի, սակայն այս իմաստով ևս Հայաստանում յուրահատուկ իրավիճակ է: Նախ 2012-13 թվականների ընթացքում երկրում տեղի ունեցած 3 կարևոր ընտրություններին առավելագույնը ակտիվություն դրսևորեց Հայաստանում 70-80 կուսակցությունների ընդամենը 12-15 %-ը:
Սակայն այսօր, ընտրական շղթայի վերջին փուլի՝ Ավագանու ընտրություններից մեկ ամիս անց կարելի է ֆիքսել, որ փաստացի քաղաքական գործունեություն իրականացնող ուժերի թիվը մեկ տասնյակի չի հասնում, ընդ որում՝ որոշ ուժեր փորձում են իրենց առկայությունը ընդգծել բացառապես ժամանակ առ ժամանակ, տարբեր հարցերի շուրջ տարածվող հայտարարություններում: Իհարկե, հասարակության, երկրի համար օրակարգային հարցերի շուրջ դիրքորոշում արտահայտելը շատ կարևոր է, սակայն երբ այն չի ուղեկցվում կոնկրետ գործողություններով, դրա նշանակությունը կտրուկ նվազում է:

Առիթ եղել է խոսելու, որ դասական առումով Հայաստանում լավագույն դեպքում կարելի է առաձնացնել 1-2 կուսակցությունը, այն էլ՝ խիստ պայմանական: Իհարկե, կուսակցությունների կայացման ցածր մակարդակը կարելի է որոշ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորել, սակայն անիմաստ է այս պահին դրա վրա կենտրոնանալ այն առումով, որ կուսակցություններն իրենք քայլեր չեն ձեռնարկում իրենց կայացումը ապահովելու ու քաղաքական պայքարը արդյունավետ հունով տանելու ուղղությամբ: Այս տեսանկյունից կարելի է ֆիքսել, որ կուսակցությունները չեն գիտակցում և լուրջ մոտեցում չեն դրսևորում կուսակցաշինության գործին, ինչը հնարավորություն չի տալիս ոչ միայն ակտիվ ու կայուն պայքար մղելու, այլև ընտրություններում հաջողություններ գրանցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել