![]() |
| ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ դասախոս |
ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում այդպես էլ չձևավորցեց արժեքային համակարգ: Հրաժարվելով կոմունիստական, տոտալիտար հասարակարգի համար ստեղծված արժեհամակարգից՝ 22 տարվա անկախության ընթացքում այդպես էլ չստացվեց ձևավորել նորը: Եթե լինենք անկեղծ, ապա պետք է արձանագրենք, որ նոր արժեհամակարգ ձևավորելու նույնիսկ փորձ չի արվել մեր երկրում, ուստի այն, ինչ կատարվում է հասարակական և մարդկային հարաբերություններում, դա համազգային անգործության արդյունքն է:
Երբ բանակում չնչին միջադեպը ավարտվում է մարդասպանությամբ, դրա պատասխանատուն միայն բանակի ղեկավարությունը չէ, դրա պատասխանատուն ու մեղավորը բոլորս ենք, քանզի չենք նկատել մեր կողքի գազանին ու չենք զբաղվել նրանով: Երբ մարդը, չունենալով սպանելու և ոչ մի պատճառ, կրակ է բացում դիմացինի ուղղությամբ, ապա դա խոսում է նրա մասին, որ այդ որոշումը մի քանի րրոպեում չի կայացվել, այդ մարդը վաղուց է տուրք տվել կենդանական բնազդին, վաղուց է բարոյազրկվել և ինքն իրեն արժեզրկել, իսկ այդ պահին, ընդամենը, իրականացրել է այն, ինչը երկար տարիների ընթացքում մշակել է իր ուղեղում՝ չունենալով ոչ սրբություն, ոչ հավատք, ոչ էլ արժեքների ու գաղափարների դավանում: Իսկ մենք՝ հասարակությունը, օգնել ենք նրան, օգնել ենք, որ դեգրադացվի ու վերածվի գազանի:
Ահա այս դեգրադացված արժեքային համակարգի պայմաններում տեղի ունեցող կրիմինալ պատմությունները, որին հաճախ մասնակից են լինում նաև քաղաքականության և բիզնեսի ներկայացուցիչները, ապացուցում են, որ մենք անցել ենք «հետդարձի գիծը», և ապագան շատ ավելի դաժան ու արյունալի է լինելու: Երբ հասարակությունը չի հանդուրժում մտավորականի կերպար ունեցող, զոռբայությամբ աչքի չընկնող, գիտելիքներից ու արժեքներից խոսող, դրա շուրջ հանրային քննարկում կազմակերպելու անհրաժեշտության մասին բարձրաձայնող, մտորման տեղիք տվող գաղափարներ առաջարկող տեսակին և, միևնույն ժամանակ, չի հանդուրժում կրիմինալ պատմության մեջ թաթախվող պաշտոնյային, որը մինչև բուն հանցանք գործելը օրինակելի կերպար է հանդիսանում շատերի համար, ապա խնդիրը միանգամից տեղափոխվում է արժեքային համակարգի դաշտ՝ ցցուն դարձնելով այն պարզ ճշմարտությունը, որ մեր երկրում չկա ձևավորված պատկերացում առ այն, թե ի՞նչ է ասված կյանքի որակ, կյանքի բարեկեցիկ ընթացք, արժևորված և գաղափարականացված նպատակի ձևավորում: Ի դեպ, սա ոչ միայն ընդհանրական խնդիր է, այլև՝ անհատական:
Մենք կորցրել ենք հերոսի կերպարը և չենք կարողանում պայմանավորվել, թե ո՞վ է մեզ համար հերոս, ու՞մ օրինակին պետք է հետևենք, ի՞նչ արժեքներով ապրենք, մենք ոտքից գլուխ խեղել ենք «Ինն ու Յանը», չունենք արդարության կոնսենսուսային պատկերացում և ամենավատը՝ չենք էլ ձգտում դրան: Իհարկե, կարելի է շատ երկար խոսել խնդիրներից, բայց մի կետից սկսել է պետք: Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան կարող է թվալ առաջին հայացքից. պետք է գեներացնել գաղափարներ, ոչ քաղաքական, ոչ էլ հասարակական, այլ՝ բարոյագիտական, արժեքներին նվիրված քննարկման նյութ ստեղծել և մտցնել քննարկումների տեղապտույտի մեջ: Մնացածը, արդեն, կյանքի հունը կհարթի: Եթե մենք կարողանանք խոսել ոչ թե քաղաքական կատեգորիաներով, իշխանություն-ընդդիմություն պայքարի տրամաբանությամբ, «հաղթողը ստանում է ամեն ինչ» ենթատեքստերով, այլ՝ ընդամենը բարոյական ու արժեքային, լավի ու վատի, ինչ-որ տեղ տիեզերական մոտեցումներով, ապագայում կունենանք շատ ավելի կանխատեսելի, շատ ավելի բարոյական հասարակություն: Ըստ իս՝ սա առաջին քայլն է: Ի վերջո՝ ի սկզբանե էր բանն…




