Մենք վերհիշեցինք այն իրավիճակները, երբ հայ և արտասահմանցի հայտնիները կորցրել են իրենց համբերությունն ու անհանդուրժող պահվածք դրսևորել: 

 

Անհամբերատար աստղերին վերհիշելիս առաջինը մտապատկերումս ուրվագծվեց «Բլեֆ» հաղորդման թիմակից Արթուր Սուքիասյանի և երգչուհի Ջուսի ընդհարումը: Հավանաբար կհիշեք, որ բեմական հարված-հնարք կիրառելիս Արթուրը միամիտ, բայց ուժգին հարվածել էր երգչուհու քթին: Զգալով, որ ցավեցրել է, Արթուրը ներողություն է խնդրել, բայց Ջուսը դրան ի պատասխան հայհոյել է նրան ու նրա ծնողներին: Հայհոյանքների պահին Արթուրը չի զսպել բարկությունն ու այս անգամ միտումնավոր ապտակել է Ջուսին:

 

 

Անցյալ տարվա սկզբին բուռն քննարկման թեման հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի և ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի վեճն էր: Հայությունը առասպելներ հյուսեց այդ վեճի մասին, այդուհանդերձ, «առանց կրակ ծուխ չի լինում» արտահայտությունը իսկապես որ տեղին է: Ըստ ականատեսների` Հրաչ Քեշիշյանը վիրավորվել է «Երկու աստղ»-ի ժամանակ Ֆելիքսի հնչեցրած արտահայտությունից, ինչին հաջորդել է հաղորդավարի ու ռեժիսորի վեճը` այն հանգուցալուծվելով քաշքշուկով: Հրաչ Քեշիշյանին իր բռունցքների ուժը ցուցադրելու պատճառով էլ հաղորդավարը փոխեց աշխատավայրը:

 

 

Անհամբերություն ու արհամարհանք դրսևորեցին նաև երգչուհի Էմմին և պարող Միհրանը: Սակայն այս պարագայում բանը ձեռնամարտի չհասավ :) «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի նախընտրական փուլին, երբ հայտարարվեց հաղթողի` Եվա Ռիվասի անունը, Էմմին ու Միհրանը անմիջապես լքեցին բեմը` այսպիսով արտահայտելով իրենց դժգոհությունն ու… Թեև Էմմին միակ հայ երգչուհին չէ, որ լքել է բեմը, «2 աստղ» երաժշտական հեռուստանախագծում մեկ անգամ չէ, որ նման դեպքեր եղել են:

 

 

2008-ի ամռանը Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպերից մեկի գլխավոր դերում թատերագիր Վահրամ Սահակյանն էր, ով իր հակահասարակական պահվածքով ու ընդգծված անհանդուրժողականությամբ փորձել էր ահուսարսափ տարածել նորակառույց թաղամասում զբոսնող քաղաքացիների վրա: Պատճառը վերջիններիս քաղաքական հայացքներն ու քաղաքացիական կամքի արտահայտման ձևերն էին: Արարքի պահին ոչ սթափ վիճակում գտնվող պրն. Սահակյանը հայհոյել է մարդկանց ու սպառնացել, որից հետո ոստիկանության աշխատակիցները նրան տարել են ոստիկանության բաժանմունք: Ահա այսպիսի արձակագիրներ էլ ունենք, ովքեր աչքի չեն ընկնում համբերատարությամբ և հայրենակիցների հանդեպ հանդուրժողականությամբ:

 

 

Ամերիկյան ռեփերների պես հայ ռեփերներն էլ են միմյանց վիրավորում ու հայհոյում… ռեփի տեքստերով: Խոսքը Միշո - Հ.Տ. Հայկո հայհոյախառն լեզվակռվի մասին է: Երբեմնի թիմակից ընկեր-ռեփերները մեծ աղմուկ բարձրացրին իրենց խմբի լուծարմամբ և իրենց երգերով միմյանց ու իրենց հարազատներին ամենավերջին հայհոյանքները հասցրին: Սակայն կարճ ժամանակ անց համատեղ մամուլի ասուլիս հրավիրեցին և լրագրողներին հայտնեցին իրենց հաշտության մասին:

 

 

Եվս մեկ անհամբերության ու անհանդուրժողականության դրսևորման ականատես եղանք «Արմենիա» հեռուստատեսության «Երբ սահում են աստղերը» նախագծի շրջանակներում: Սյուզի և Էմիլ զույգը հաղթող զույգի անունը լսելուց հետո լքեց սահադաշտը` չսպասելով ժյուրիի նախագահի` Ռուսաստանից Հայաստան ժամանած գեղասահորդ Վազգեն Ազրոյանի կողմից պատվոգրերի հանձնմանը: Ասում են, որ սահադաշտը լքելու նախաձեռնությունը հենց երգչուհունն էր:

 

 

Մանեքենուհի Նաոմի Քեմփբելը, հավանաբար, սկանդալների կենտրոնում հայտնվելու մոլուցք ունի, ինչը պայմանավորված է նրա անզուսպ պահվածքով: Այսպես` նրանից մշտապես տուժում են տան աշխատողները, անգամ` անձնական բժիշկը: Լուսանի քայլվածքով հայտնի մանեքենուհին մի քանի անգամ սկանդալներ է սարքել տարբեր խանութներում, իսկ լոնդոնյան օդանավակայանում էլ հարձակվել է ոստիկանի վրա: Սակայն ամենահետաքրքիրը նյույորքցի մի վարորդի հետ կապված պատմությունն էր: Վարորդը ոստիկանությանը պատմել էր, որ Նաոմի Քեմփբելն իրեն վարձել էր Նյու Յորքում 1 օր պտտեցնելու համար: Պայմանավորվածության համաձայն` ողջ օրը քաղաքում շրջելուց հետո հյուրանոց վերադառնալիս, հետևի նստատեղին նստած Նաոմին այնպես է հարվածել վարորդին, որ վերջինս գլուխը խփել է ղեկին, իսկ այդ ընթացքում մանեքենուհին հասցրել է փախչել մեքենայից: Նա չի մեկնաբանել իր քայլը, իսկ մամուլի քարտուղարն էլ նշել է, թե միջադեպը «ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից»:

 

 

Տարվա սկզբին մեծ աղմուկ բարձրացրեց ամերիկացի երգիչ Քրիս Բրաունի` ընկերուհուն` երգչուհի Րիհաննային ծեծի ենթարկելու աղմկոտ պատմությունը: R’n’B երգչի նման քայլը վկայում է զայրույթը չզսպելու մասին, ինչի համար Քրիսը 50.000 դոլար տուգանք վճարեց:

 

 

Հայտնի ռեփեր 50 Cent-ի երկար լեզուն ու անհամբերությունը հաճախ է պատուհաս դառնում իր իսկ գլխին: Նա իր երգերում մշտապես վիրավորում է արժանավոր, բայց իրենից պակաս հաջողակ ռեփերներին: Իսկ նրանք էլ իրենց երգերում ասում են, որ հայտնի դառնալուն ու հարստանալուն պես 50 Cent-ը դավաճանել է հին ընկերներին ու մոռացել նրանց: Ուստի զարմանալի չէ, որ ռեփերը շատ է մտահոգվում իր անվտանգության մասին. նա ամեն օր իր զինված վեց թիկնապահներին վճարում է 750 դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել