
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել ռուսական Sportbox.ru կայքին: Հայ դարպասապահը վերհիշել է 2008թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Պորտուգալիայի հետ կայացած երկու հանդիպումները: Բերեզովսկին իր կարծիքն է հայտնել նաև Կրիշտիանո Ռոնալդու խաղի վերաբերյալ:
-2007 թվականին բավականին հաջող հանդես եկաք Պորտուգալիայի հավաքականի դեմ երկու խաղերում` 0:1 և 1:1: Ինչո՞վ հիշվեց Ռոնալդուն:
-Համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների դեմ խաղալը միշտ էլ հետաքրքրիր է: Մեսսիի դեմ ինձ չի հաջողվել խաղալ, սակայն ինձ բախտ է վիճակվել հանդես գալ Ռոնալդուի դեմ: Այդ ժամանակ մեր թիմը հիանալի խաղ ցուցադրեց պորտուգալացիների հետ հանդիպումներում: Հատկապես Երևանում կայացած առաջին խաղում: Խաղասկզբում մենք բացեցինք խաղի հաշիվը, բայց Ռոնալդուն առաջին խաղակեսի վերջնամասում դարձավ անհավանական գոլի հեղինակ: Նա իմ պաշտպանած դարպասը գրավեց սուր անկյունից կատարած անհավանական հարվածով: Նա շատ խորամանկ ֆուտբոլիստ է, և դա նրա ուժեղ կողմն է:
- Այդուհանդերձ, Ռուսաստանի և Պորտուգալիայի հավաքականների խաղում նրան կարողացան փակել:
-Այո, նրա դեմ պետք է ուշադիր գործել: Բացի այդ նրան չպետք է մեկ պաշտպանի առջև մենակ թողնել:
- Նկատվում է, որ Ռոնալդուի խաղը չստացվելու դեպքում նա սկսում է նյարդայնանալ և սադրանքի դիմել...
-Հայաստանի հավաքականի հետ խաղերի ժամանակ նման դրվագներ նկատվում էր` չնայած նրան, որ նա գոլի հեղինակ էր դարձել: Այդուհանդերձ որևէ սադրանք նրա կողմից չեմ նկատել: Ընդհանուր առմամբ մեր պաշտպաններին հաջողվեց կասեցնել նրան: Հավատում եմ, որ Ռուսաստանի հավաքականը պատասխան խաղում կկարողանա հաջող խաղալ Պորտուգալիայի հետ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի ԱԱ ընտրական փուլում Ռուսաաստանը և Պորտուգալիան ընդգրկված են միևնույն խմբում: