
Ս.թ հունիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի անվանի անվանի քանդակագործ, ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանի 95-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը: Արվեստագետն ապրում և ստեղծագործում է Մոսկվայում, սակայն իր հոբելյանական ցուցահանդեսը կազմակերպվում է հայրենիքում: Այս առիթով Նիկոլայ Նիկողոսյանը հանդես է եկել բացառիկ նվիրատվությամբ` Հայաստանի ազգային պատկերասրահին ընծայել է բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայայի մարմարե կիսանդրին: Ս.թ. մայիսի 3-ին ցուցահանդեսը բացվեց Արցախում՝ Շուշիի արվեստի նորաստեղծ կենտրոնում: Երևանում ներկայացվելու են հայ հանդիսատեսին վարպետի տակավին անհայտ գրաֆիկական ինքնադիմանկարները, 15 գեղանկարչական կտավ և հաստոցային դիմաքանդակի ընտրանի հեղինակի երևանյան հավաքածուից, ինչպես նաև ՀԱՊ հավաքածուից երկու քանդակ:
Նիկոլայ Նիկողոսյանը առավելապես հայտնի է իբրև մոնումենտալիստ: Հիշատակենք միայն Երևանի խորհրդանիշ դարձած Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի հուշարձանները, Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների հուշարձանը Նալբանդյան գյուղում, Ավետիք Իսահակյանի հուշարձանը Գյումրիում, Մոսկվայի նշանավոր «ստալինյան բարձրահարկներից» մեկի ճակատային մոնումենտալ քանդակները և այլն: Այդ հուշարձանները կներկայացվեն լայնաֆորմատ թվային տպագրության միջոցով:
Նախագծում փորձ է արվում դիտել խորհրդահայ արվեստագետի ստեղծագործական ուղին պատմական լայն կտրվածքով՝ ստալինյան ամպիրից մինչև «ազգային մոդեռնիզմ» և ըմբռնել գաղութային-ամբողջատիրական մշակույթի համատեքստում նրա կայանալու ու միևնույն ժամանակ օֆիցիոզը շրջանցելու ֆենոմենը: Հետազոտության մեջ նաև փորձ է արվում կապել արվեստագետի անձնական, մասնավոր պատումը մեծ պատումի հետ, բացահայտել դրանք նրա երկերում:
Այսպիսով, հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու վարպետի ստեղծագործությունը հնարավորինս ամբողջական՝ վերջինիս ժամանակագրական, ժանրային, գեղարվեստական բազմազանությամբ: Նիկոլայ Նիկողոսյանի արվեստը այսպիսի ընգրկունությամբ Հայաստանում դեռևս չի ներկայացվել, իսկ այս առթիվ լույս տեսած մենագրություն-պատկերագիրքը հայերեն լեզվով Հայաստանում տպագրված առաջինն է:
Ողջ նախագիծը կյանքի է կոչվել բարերար, մեկենաս, ծագումով արցախցի մոսկվայաբնակ Սարգսյան ընտանիքի ներդրման շնորհիվ: Նրանց հովանավորությամբ է նաև Շուշիում վերականգնվել պատմաճարտարապետական հուշարձաններից մեկը՝ նախկին Հայ հոգևոր տեսչության տպարանի շենքը, որը 19-րդ դարում հայկական երկրորդ տպարանն էր: Շենքը այսուհետ ծառայելու է որպես Շուշիի արվեստի կենտրոն, որտեղ և տեղի ունեցավ Նիկոլայ Նիկողոսյանի ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էին Արցախի հանրապետության նախագահը և կառավարության անդամներ:
Նախագծի համադրողը և պատկերագրքի կազմողը, տեքստերի հեղինակն ու թարգմանիչն է Լիլիթ Սարգսյանը:
Լուսանկարների հեղինակ՝ Գերման Ավագյան:
Գրքի դիզայնը և մակետավորումը՝ Վահան Քոչարի:
Կենսագրականները և մատենագիտությունը կազմեց Մարիամ Դավթյանը:
Պատկերագիրքը տպագրվել է «Տիգրան Մեծ» տպարանում: