
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ներողություն է խնդրել երկրում ընթացող հակակառավարական ելույթների մասնակիցներից։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի կառավարության պաշտոնական թվիթերը։
Արընչը ներողություն է խնդրել ցուցարարներից՝ իրավապահների կողմից չափից ավել բռնի ուժ կիրառելու համար։ Նա նաև նշել է, որ իրենք պատրաստվում են մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ ուժը չարաշահելու դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև խոստացել է լսել քաղաքացիների բոլոր բողոքներն ու առաջարկները և կոչ արել կազմակերպություններին և լրատվամիջոցներին մեղմել ճնշումը։
Թուրքիայի փոխվարչապետը նաև որոշ տվյալներ է ներկայացրել։
«Վնասվել է 110 ոստիկանական մեքենա, քաղաքացիներին պատկանող 207 ավտոմեքենա։ 300 ոստիկան և քաղաքացի վնասվածք է ստացել»,-Արընչի խոսքերն է մեջբերել թվիթերյան միկրոբլոգը։
Հիշեցնենք, որ արդեն 7 օր շարունակվող բողոքի ակցիայի համար առիթ էին դարձել Ստամբուլի Գեզի զբոսայգում ծառահատումներն ու կառուցապատման աշխատանքները, ինչը դժգոհությամբ էր ընդունվել ստամբուլցիների մի մասի կողմից:
Տեղային բնապահպանական ցույցից սկիզբ առած բազմամարդ բողոքի ակցիաները վերածվել են հզոր հակակառավարական ցույցերի, որոնք արագորեն տարածվել են երկրի ողջ տարածքով: