Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը ուղեղի կաթված է ստացելԳորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան դիմաց հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի և նույն միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, երեկ ուղեղի կաթված է ստացել, այս մասին Tert.am-ը տեղեկացավ Բուդաղյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներից:

69-ամյա Էմիլ Բուդաղյանին հիվանդանոց չեն տեղափոխել, քանի որ նա հրաժարվել է, բայց տնային պայմաններում կաթիլային են միացրել, բուժում են իրականացնում: Երեկվանից Էմիլ Բուդաղյանը անկողնային վիճակում է: 

Նշենք, որ Բուդաղյանների ընտանիքն ունի շինարարական ընկերություն, որը հիմնել է Էմիլ Բուդաղյանը, իսկ վերջին տարիներին ընկերությունը տնօրինել է սպանված Ավետիք Բուդաղյանը:

Հիշեցնենք, որ հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանն այժմ զինվորական հոսպիտալում է, և այսօրվա դրությամբ նրա վիճակը շարունակում է ծանր գնահատվել՝ գրեթե առանց փոփոխության: 

Ինչպես իր Facebook-յան էջում գրել էր ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ևս մեկ վիրահատական միջամտության հավանականությունը մեծ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել