Ադրբեջանի ՆԳ նախկին նախարար Իսկենդեր Համիդովը 1993թ. երկրում տեղի ունեցած համազգային ապստամբության վերաբերյալ հայտարարություն է արել:
Նախկին նախարարը Moderator.az լրատվական կայքին տված հարցազրույցում 1993թ. հունիսի 4-ին Ադրբեջանում նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի կառավարությունը տապալելու մեջ մեղադրել է Հեյդար Ալիևին:
«Պետական իշխանությունների դեմ ուղղված ապստամբության հետևում կանգնած է եղել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը: Հարցս ձեզ եմ ուղղում. եթե դա ապստամբություն չի եղել, այդ դեպքում ինչու՞ Ս. Հուսեյնովը պատանդ վերցրեց պետական բարձրաստիճան ղեկավարներին: Այս ամենը պլանավորված է եղել»,-ասել է Իսկենդեր Համիդովը:
1993թ. հունիսի 4-ին կառավարական զորքերը իրականացրեցին «Թայֆուն» օպերացիան, որն ավարտվեց պարտությամբ և մարդկային բազմաթիվ կյանքեր խլեց: Նրանց հաջողվեց գերի վերցնել գլխավոր դատախազ Իխթիյար Շիրինովին: Իսկ առաջին հերթին Հուսեյնովը հրաման տվեց ձերբակալել նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին:
Քաղաքական հասունացած ճգնաժամի պայմաններում Էլչիբեյը Բաքու է հրավիրում Հեյդար Ալիևին, ով այդ ժամանակ Նախիջևանի ինքնավար հանրապետության խորհրդարանի նախագահն էր, իսկ հունիսի 10-ին Էլչիբեյն անսպասելի կերպով Ալիևին առաջարկում է վարչապետի պաշտոնը:
Հունիսի 15-ին Միլի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Իսա Ղամբարը հրաժարական է տալիս, և խորհրդարանի նախագահի լիազորությունները ստանձնում է Հեյդար Ալիևը:
ՆԳ նախկին նախարարը պատմել է, որ հունիսի 17 լույս 18-ի գիշերը Էլչիբեյն անսպասելիորեն օդանավով մեկնում է Նախիջևան և վերաբնակվում իր հայրենի Քելեքի գյուղում: Հունիսի 25-ին Միլի մեջլիսը կողմ է քվեարկում Էլչիբեյի նախագահական լիազորություններից զրկելուն, և նախագահի լիազորությունները ստանձնում է Հեյդար Ալիևը:
Սակայն, քանի որ նման որոշումը հակասում էր երկրի Սահմանադրությանը, խորհրդարանի անդամները որոշում են նախագահի լիազորությունների վստահման հարցը լուծել համազգային հանրաքվեի քվեարկությամբ:
1993թ. օգոստոսի 28-ին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի նախագահի լիազորություններից զրկելուն կողմ քվեարկեց երկրի բնակչության 97,5 տոկոսը, որից հետո հաջորդ նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Հեյդար Ալիևը:




