
Աշխարհաքաղաքականության հայր համարվող Ֆրիդրիխ Ռատցելը պետությունը դիտարկում է որպես կենդանի օրգանիզմ: Սա նշանակում է, որ ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, պետությունը նույնպես ծնվում, զարգանում և մահանում է: Հայաստան պետությունը ծնվել է 1918 թվականի մայիսի 28-ին բնական արատներով: Աշխարհաքաղաքականության բժիշկները կանխատեսում էին նորածնի կարճ կյանքը: Այդպես էլ եղավ. ընդամենը 2.5 տարեկան հասակում նորածինն ընկավ կոմայի մեջ և արթնացավ միայն 70 տարի անց: Արթնացավ, սակայն ավելի արտահայտիչ հիվանդություններով: Այսպիսով, Հայաստան անունով պետության սիրտը ստացել է Երևան անունը: Հայաստանի սրտի հիվանդություններից արտահայտիչ է հատկապես սրտի առիթմիա կոչվող հիվանդությունը. սա նշանակում է, որ սրտի բաբախյուններն անկայուն են: Փաստորեն, սրտի ներսում իրականացվող աշխատանքները նույնպես անկայուն են: Ծայրահեղ վատ են աշխատում աջ և ձախ փորոքները, իսկ նախասրտերից թեթև աշխատանք է նկատվում միայն ձախ նախասրտի մոտ, որի մեջ է մտնում սրտի վերին հատվածը (հիմնականում Ավան): Իսկ սրտի կենտրոնական հատվածը անընդհատ ենթարկվում է վիրահատության, որը, սակայն, ավելի ու ավելի է բարդացնում իրավիճակը: Սրտի հենց այս հիվանդություններն էլ պատճառ են դառնում մյուս օրգանների ոչ բավարար գործունեությանը: Հուսադրող է միայն այն հանգամանքը, որ հիվանդությունը բուժելի է: Աշխարհաքաղաքական բժիշկները մի կարևոր առանձնահատկություն են գտել Հայաստան պետության օրգանիզմում, այն է` Հայաստան պետության կույրաղիքը, որը վաղուց հեռացված է, չափերով ավելի մեծ է եղել, քան ամբողջ օրգանիզմը միասին վերցրած: Կարևոր ևս մի փաստ. Հայաստան պետության կույրաղիքը փոխպատվաստվեց մի քանի այլ պետությունների օրգանիզմներում և դարձավ նրանց կարևոր գործող օրգաններից մեկը: