Ով կդառնա Սյունիքի մարզպետ. Թեկնածուներ և բնութագրերՍյունիքի գործող մարզպետ Սուրեն Խաչատրյանը հունիսի 3-ին հայտարարություն տարածեց այն մասին, որ այլևս չի իրականացնի մարզպետի պարտականությունները:

Այս ամենը չնայած հրաժարականի դիմում չէր, սակայն խոսակցությունները, որ Սյունիքի երկարակյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանը մոտ օրերս կլքի իր պաշտոնը, չեն դադարում: Մամուլում արդեն սկսվել են շրջանառվել Սուրեն Խաչատրյանի հավանական փոխարինողների անունները:

Այս պահի դրությամբ ակտիվությամբ խոսվում է երեք մարդու մասին, ովքեր կարող են փոխարինել Սուրեն Խաչատրյանին: Իհարկե, այս ամենը խոսակցություններ են, և վերջանական որոշումը կայացնողը, ինչպես համոզվել ենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, սակայն կարելի է անդրադառնալ այս թեկնածուներին.

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյան, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյան և ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ, գեներալ- մայոր Վարդան Ավետիսյան:

Խաչիկ Ասրյանի անունը մինչ այս դեպքն էլ նշվում էր՝ որպես Սուրեն Խաչատրյանի հավանական փոխարինողի: Ի՞նչ հնարավորություններ ունի Խաչիկ Ասրյանը մարզպետ դառնալու համար: Խաչիկ Ասրյանը վերջին տարիներին իր ղեկավարած «Հայոց արծիվներ» կազմակերպության հետ միասին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով մեկ իրականացրել է հանդիպումներ, բարեգործական ակցիաներ, հանրահավաքներ, համերգային ծրագրեր, ինչպես նաև զորամասերում, գրեթե ամեն շաբաթ հանդիպել է զինվորներին և սպաներին: Նրան ճանաչում են բոլորը, ոմանք վատն են մտածում նրա մասին՝ նմանեցնելով Հիտլերին, ոմանք մտածում են, որ հայրենասեր երիտասարդ է:

Բոլորը քաջատեղյակ են, որ Խաչիկ Ասրյանը երդվում է Սերժ Սարգսյանի անունով և հավատարիմ է միայն նրան: Երբեք և ոչ մի անգամ չի հայտնվել սկանդալային պատմությունների մեջ, բիզնես գործունեություն էլ չի ծավալել: Այս ամենը Խաչիկ Ասրյանի դրական կողմերն են, որոնք կարող են նպաստել նրան, որ անվանարկված Սուրեն Խաչատրյանին փոխարինի հենց Խաչիկ Ասրյանը և Սյունիքի մարզը կարողանա վերակենդանացնել:

Արդարության համար նշենք, սակայն, որ Խաչիկ Ասրյանը հասարակության մոտ, այնուամենայնիվ, բավականին օդիոզ գործիչի համբավ ունի:

Հաջորդ թեկնածուին՝ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին, բոլորը ճանաչում են ոչ թե որպես Վահե Հակոբյան, այլ որպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն և սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդի:

Ինչ խոսք, Մաքսիմ Հակոբյանն ամեն ջանք կգործադրի, որ երիտասարդ որդին նշանակվի Սյունիքի մարզպետ, սակայն այս դեպքում կան մի քանի խանգարող հանգամանքներ: 1-ինը հենց Մաքսիմ Հակոբյանի գործոնն է: Քաջարանում, որտեղ իր գործունեությունը ծավալում է Մաքսիմ Հակոբյանը, Սերժ Սարգսյանի հաղթանակն ամենևին էլ հեշտ չի եղել նախագահական ընտրությունների ժամանակ, և այդ մասին հայտարարեց անգամ ինքը՝ Սարգսյանը, նշելով, որ ինքը ցավում է Քաջարանի արդյունքների համար:

Պաշտոնական տվյալներով՝ Քաջարանում 1800-ի մոտ ձայներ հավաքել էր Սերժ Սարգսյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը 1650-ին մոտ: Ստացվում է, որ աշխատատեղերով ապահովված Հայաստանի ամենահարուստ բնակավայրերից մեկում բնակչության կեսը դեմ է Սերժ Սարգսյանից, և այդ կերպ դեմ են նաև Մաքսիմ Հակոբյանին:

Վահե Հակոբյանին մարզպետ նշանակելով՝ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզում Հակոբյաններին կհանձնի նաև քաղաքական իշխանությունը, և կստացվի, որ ողջ մարզի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական լծակները մեկ մարդու ձեռքերում են:

Այս քայլին Սերժ Սարգսյանը դժվար թե գնա, քանի որ ամբողջովին կկորցնի Սյունիքում իր իշխանությունը, հատկապես այն պարագայում, երբ այնտեղ Մաքսիմ Հակոբյանն ամբողջովին չկարողացավ պահպանել Սերժ Սարգսյան թեկնածուին:

3-րդ թեկնածուն՝ Վարդան Ավետիսյանը, ՊՆ գեներալ է: ՀՀ ԶՈՒ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, Սերժ Սարգսյանի համագյուղացին է:

Շատերն են գրում, որ Վարդան Ավետիսյանը Սերժ Սարգսյանի վստահված անձանցից մեկն է, և չի բացառվում, որ Սյունիքի մարզպետի պաշտոնը վստահվի նրան, սակայն պետք է հիշել մեկ հանգամանք: Վարդան Ավետիսյանը ՀՀ Զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում, և տարիներ առաջ հենց ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նրան պաշտոնանկ արեց և նշանակեց ավելի ցածր պաշտոնի՝ Տեղեկատվության վարչության պետ:

Հենց Սերժ Սարգսյանը անտեսեց այն հանգամանքը, որ Վարդան Ավետիսյանը իր համագյուղացին է և մտերիմ է իր հետ: Այս մասին հետագայում մոռացվեց, պատճառների մասին էլ ոչ ոք չխոսեց, սակայն դա տեղի ունեցած փաստական հանգամանք է: Վարդան Ավետիսյանը չունի նաև կառավարման փորձ, ճանաչված չէ սյունեցիների կողմից: Եթե առաջին երկու դեպքերում ճանաչում են Խաչիկ Ասրյանին և Վահե Հակոբյանի հորը, ապա Վարդան Ավետիսյանի մասին, Գորիսի Տեղ գյուղից բացի, երևի ոչ ոք չի էլ իմանում:

Հ.Գ. Իհարկե այս ամենը, թեկնածուներն ու քննարկումները չեն ունենալու վերջնական արդյունք նշանակման հետ կապված, և Սերժ Սարգսյանը, կարծում ենք, այս դեպքից հետո հաշվի չի առնի գեներալի զին կոչումը, Քաջարանի փողերը կամ էլ Խաչիկ Ասրյանի անմնացորդ նվիրվածությունն ու հավատարիմ ծառայելը իրեն:

Սերժ Սարգսյանը որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի, որ Սյունիքը Հայաստանի հարավային դարպասն է, և այնտեղ ուղարկի աշխատասեր, երիտասարդ, բանակում ծառայած, բիզնեսներից ու սկանդալներից հեռու և առանց արյունոտ ձեռքերի մի մարդու: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել