Ողջույն: Երբեմն Երևանում նստած` հաճախ տեղյակ չենք լինում՝ ինչ է կատարվում մեզանից մի քանի տասնյակ կիլոմետրեր այն կողմ գտնվող մեկ այլ բնակավայրում: Այս գրառմանս գլխավոր հերոսը Գոշ գյուղն է` Գոշավանք միջնադարյան համալիրով: Ընդամենը մի քանի տարի առաջ, երբ շատ ու շատ տուրիստական գործակալություններ իրենց ուղղությունների մեջ սկսեցին ակտիվ ներգրավել Մխիթար Գոշի հիմնած Նոր Գետիկ (Գոշավանք) համալիրը, գյուղի բնակչության համար հույս ծագեց, որ գոնե վանքի շրջակայքում մի քանի հուշանվեր, դեղաբույսեր կամ պահածոներ տուրիստներին վաճառելով կկարողանան լուծել օրվա հացի խնդիրը: Հիշեցնեմ, որ այսօրվա դրությամբ Գոշ գյուղի բազմաթիվ տների մեծ մասը ամուր կողպված է, և նախկին գյուղաբնակների զգալի զանգվածը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ կամ տեղափոխվել է մշտական բնակության ՌԴ: Իսկ ահա տուրիստների հոսքը դեպի գյուղ, ինչպես նշեցի, հույսի մի շող էր գյուղում մնացածների համար, եթե... Եթե կաթողիկոսարանում ժամանակին չառնեին հնարավոր «եվրոների» բույրը, որ գյուղ է գալիս զբոսաշրջիկների հետ: Ու ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ այսօրվա դրությամբ Գոշավանքի գավիթը վերածվել է տոնավաճառի, որտեղ «մեբելից» ցուցափեղկերը հյուրերին առաջարկում են տարատեսակ հուշանվերներ և այլ մանր-մունր իրեր, և այդ ամենը Վեհարանի թույլատվությամբ: Ավելին, բնակիչների հետ զրույցում պարզ դարձավ, որ վանական համալիրի շրջակայքում բնակվողներին խստիվ հրահանգվել է վաճառքի չհանել անշարժ գույք, քանի որ այդ տարածքները Վեհարանի «հետաքրքրությունների» շառավղում են, և հնարավոր է՝ շուտով վերակառուցվեն` որպես տուրիստական ենթակառուցվածքներ: Ավելին, ըստ նույն բնակիչների պնդման, նախատեսվում է ինչ-որ քոթեջների կառուցում վանական համալիրի կանաչապատ տարածքում, թե ինչի համար, դեռ բնակիչներն էլ չեն հասկանում, ասել են, թե վանքի աշխատողների կացարաններ են լինելու: Աշխատող ասեցի, հիշեցի: Տարիներ շարունակ Գոշի համայնքն առանց հոգևոր առաջնորդի էր մնացել, և վերջապես նա եկավ: Անունը` Հայր Սարգիս, առաջին հայացքից` ոչնչով չառանձնացող մարդ, բայց դա առաջին հայացքից: Հարկ է միայն զբոսաշրջիկներին մուտք գործել եկեղեցու տարածք, որպեսզի սկսվի հոգեհանգստի պատարագը` նրանց «անցավորների» համար, իհարկե վերջում «խաչհամբույրի» բոլորիս հայտնի արարողությամբ: Բան չունեմ ասելու, երբեմն հետաքրքիր է, սակայն շատ հաճախ գտնվում են որոշ խելացի հյուրեր, ովքեր հասկանում են՝ ինչ էր կատարվում, ու այդ ամենը դառնում է ծաղրի առարկա` վնասելով եկեղեցու և երկրի համբավին: Վերադառնալով կառուցապատման աշխատանքներին` քանի որ տեղեկությունները դեռևս բնակչության փոխանցած տվյալներ են (չնայած եթե ժողովուրդը խոսում է, ուրեմ մի բան կա), Աստվա՛ծ մի արասցե, երբ հասկանամ, որ դրանք համապատասխանում են իրականությանը, խոստանում եմ, եթե պետք լինի ամիսներ շարունակ էդ թիրախային տարածքները վերածել վրանային քաղաքի: Վերջիվերջո մե՛նք ենք էս երկրի տերը, ու թո՛ւյլ չենք տալու ևս մեկ հուշարձանի պղծում: Գոշավանքը Հաղարծին չի՛ դառնալու: Այլևս ախորժակների՛դ քացախ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել