
Մենք խորապես ցավ ենք ապրում մեր սպանված յուրաքանչյուր զինվորի համար, լինի պատերազմի, առավել եւս` խաղաղ պայմաններում, դատապարտում ենք բանակում ամեն մի բացթողում ու բարձիթողի վիճակ, հանցագործության կոծկման փորձեր, միշտ ուզում ենք ամուր տեսնել մեր բանակը, անվտանգ` մեր ամեն մի զինվորի ու սպայի կյանքը: Մենք խորությամբ կիսում ենք ամեն մի զինվոր կորցրած ծնողների եւ հարազատների վիշտը, բայց ոչ մի կերպ չենք կարողանում արդարացնել նրանց արարքները, ովքեր փորձում են ուրիշի ցավերի հաշվին քաղաքական շոուներ կազմակերպել, անկարգություններ հրահրել, փորձանքը չարամտորեն ի ցույց դնել հանրության առջեւ եւ դրանից սենսացիա պատրաստել ու մի քանի րոպեն մեկ գրել, նկարել ու տարածել: Մայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության լրատվական միջոցների գերակշիռ մասը հեղեղված էր մի իրադարձության լուսաբանմամբ, որի մասին վերհիշելիս, թեկուզ օրեր անց, ցանկացած բանական մարդու մարմին միանգամից փշաքաղվում է: Խոսքը նույն մայիսի 18-ին Վերին Գետաշեն գյուղից մինչեւ մայրաքաղաք` ՀՀ կառավարության շենքի դիմաց, ձեռնարկվող բողոքի ակցիայի մասին էր, որն, ի ցավ բոլորիս, կատարվում էր Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին ծառայակցի արձակած գնդակից սպանված, նույն Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, զինծառայող Լյուքս Ստեփանյանի դիակի ցուցադրությամբ: Անկախ նրանից, թե ում մտահղացումն էր ուրիշի անտանելի ցավի վրա ջուր պղտորելու եւ քաղաքական երթ կազմակերպելու նախաձեռնությունը, արարքը մեր ազգային ավանդներին ու խառնվածքին վայել չէր: Սպանված զինվորի դիակը հուղարկավորելու փոխարեն առանձին վայ-խառնակիչներ անհուն ցավ ապրող ծնողների ուղեկցությամբ այն տանում էին հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ բողոքի երթին ավելի մեծ կշիռ տալու համար:
Լրատվական կայքերը, իրարից առաջ ընկնելու խելահեղ մոլուցքով տարված, վայրկյանների տարբերությամբ թեկուզ, իրենց էջերը հեղեղում էին նորություններով` սենսացիա փնտրելով ամեն մի աննշան իրադարձության մեջ. «Բախում է տեղի ունեցել ոստիկանության եւ սպանվածի հարազատների միջեւ… Ոստիկանները քաշքշել են սպանվածի հարազատներին… Սեւանի մոտ ոստիկանները փակել են ճանապարհը»: Լրատվական կայքերում մեկը մյուսին հաջորդում էին շարժանկարները, որոնց մեջ երեւում էր նույնիսկ, թե ինչ սառնասրտությամբ, եռանդով եւ մասնագիտական բծախնդրությամբ են լրագրողները տարբեր դիրքերից նկարում սպանվածի դին ու նրա գլխավերեւում կանգնած ծնողներին, ամեն մի մանրուք: Ծնողների ցա՞վն էին մեղմում նրանք, թե՞ ավելի էին վերքը խորացնում: Իսկ ինչպե՞ս պատահեց, որ բողոքի երթը կես ճանապարհից հետ շրջվեց դեպի Վերին Գետաշեն: Որովհետեւ ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՀՀ Ոստիկանության պետի ժամանումը եւ մի քանի լիցքաթափող բառերը զինաթափեցին բորբոքված մարդկանց: Ականատեսների վկայությամբ` ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված բողոքավորները հունից դուրս են եկել, երբ իմացել են, որ Լյուքս Ստեփանյանի մարմինը հուղարկավորվում է հայրենի հողում եւ այլեւս չի հասնի կառավարության շենքի դիմաց: Այնտեղ էլ բողոքի երթ նախաձեռնողների խումբը փորձել է բախումներ առաջացնել ոստիկանների եւ հասարակական կարգի այլ պահապանների հետ: Բարեբախտաբար, իրավիճակը հնարավոր է եղել վերահսկել եւ հանդարտեցնել մարդկանց բորբոքված կրքերը:
Պետք չէ մազ անգամ իսկ կասկածել, որ շատ լրատվամիջոցներ արդեն կազմ ու պատրաստ են եղել այդ երթից քաղաքական շոուներ սարքելուն, եւ, անկախ ցավի դաժանությունից ու ծանրությունից, դրանք հանրության առջեւ ի ցույց դնելուն, միայն թե ժողովրդի մեջ ներարկեն ատելությունը եւ հասնեն իրենց հեռահար նպատակներին:
Ցանկացած մահ, ի վերջո, սուգ է, որը պետք է տանել լուռ, անաղմուկ, մահացածի հանդեպ խորին հարգանքով ու ակնածանքով: Ամեն դեպքում մեզ այդպես է սովորեցրել մեր քրիստոնեական հավատն ու ազգային դաստիարակությունը: Ու եթե հանկարծ մեզ համոզենք` հավատալու, որ դիակով բողոքի երթ կազմակերպելը եղել է միմիայն զոհված զինվորի ծնողների կամ մերձավոր հարազատների նախաձեռնությունը, ապա գոնե նրանց ուղեկցող այլախոհների կամ համագյուղացիների մեջ կարո՞ղ էին գտնվել ողջախոհ մարդիկ, ովքեր խրախուսելու փոխարեն պիտի մխիթարեին, վշտակցեին ու համոզեին նրանց: Անկասկած, եղել են նրանց սփոփողներ ու համոզողներ մարզի ոստիկաններից, հոգեւորականները, պետական ու տեղական իշխանության ներկայացուցիչներից, որն անմիջապես ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից դիտվում էր որպես մարդկանց ազատ կամքի վրա բռնության բացահայտ գործադրման փորձ:
Երբ անցած տարվա այս օրերին մարտական հերթապահության ժամանակ թշնամու հարձակումը հետ մղելիս հերոսաբար զոհվեց Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Զոհրաբ Բալաբեկյանը, մեր ընդդիմադիր, անկախ կամ այլ կարգի լրատվամիջոցներն այսպես մասսայաբար ու եռանդով չանդրադարձան նրա կատարած սխրանքին, թաղման արարողությանը` բավարարվելով միայն թշնամու դիվերսիայի արդյունքում զոհված մեր մարտիկների տվյալների հրապարակմամբ: Մինչդեռ հարկավոր էր հանրությանն ի ցույց դնել հայ զինվորի անօրինակ սխրանքը, այն, թե նա ինչպես էր կրծքով փակել թշնամու նետած արկի պայթյունը` մահից փրկելով մարտական դիրքում գտնվող իր մյուս ընկերներին:
Ինչի՞ց է, որ մեր բանակում կատարված սխրանքները, անձնուրաց ծառայությունների դեպքերը քիչ կամ մակերեսային են լուսաբանվում, իսկ ահա հանցագործությունները եւ բացթողումները, մահվան ելքով կամ աննշան, անմիջապես դառնում են համընդհանուր ու չդադարող քննարկման բուռն թեմա, իշխանություններին քննադատելու անսպառ նյութ:
Այո, մեր բանակում, Գերագույն գլխավոր հրամանատարից մինչեւ ջոկի հրամանատար, բոլորը պատասխանատու են հայ զինվորի թեկուզ մեկ մազը ծռելու համար: Եվ ցանկացած դժբախտ դեպք, մանավանդ մահվան ելքով, մանավանդ խաղաղ պայմաններում, դառնում է բոլորիս վիշտն ու ցավը, համընդհանուր մտահոգությունը: Եվ կարելի է ընդվզել, ցասում ապրել, եթե չեն պատժվում մեղավորները, եթե ժամանակին չեն կանչվում պատասխանատվության: Մինչդեռ այս դեպքում, դեռ զինվորի դին հողին չհանձնած, չէր կարելի վաղաժամկետ ու անհիմն եզրակացություն անել, թե մեղավորները չեն պատժվի:
Հենց քաղաքական այս շոուներն էլ ուղղակիորեն ազդում են ծնողների հոգեբանության վրա, տպավորություն ստեղծելով, թե Հայոց բանակում առավոտից երեկո միայն անկարգություններ են կատարվում, թե ոչ մի կերպ զինվորն ապահովագրված չէ փորձանքներից ու փորձություններից, թե բանակում օրենք չկա եւ այլն: Ու պատահական չէ, որ շատ ծնողներ բարձրաձայն այսօր սկսում են անհանգստանալ իրենց երեխաների համար, ովքեր նույնիսկ 5-10 տարի հետո միայն պիտի մեկնեն զինծառայության:
Մի մոռացեք, որ մեր թշնամին, որ երբեք էլ քնած չէ, հենց այսպիսի բաների է սպասում, մի մոռացեք, որ թշնամու գնդակին դեմ հանդիման դեռ կանգնած են մեր` ծաղկուն տարիքում գտնվող այրերը, որոնց միշտ ոգեւորություն ու քաջալերանք է պետք, ոչ թե հուսահատություն ու խառնակչություն…
Գեղարքունիքի մարզի «Գեղամա աշխարհ» թերթի խմբագիր Խոսրով Խլղաթյան