«Բա ի՞նչ անեմ, ուրիշ ճար չկա հաղթելու, ստիպված եմ լինելու դիմել Եվրոդատարան…» Հարգելի ընթերցող, ինչքա՞ն ենք տարբեր մարդկանցից լսել նմանատիպ արտահայտություններ, այո՛, շատ և շատ անգամ: Երբ լսում եմ, որ մեր քաղաքացին ճարահատյալ դիմել է Եվրոդատարան, և այնտեղ իրեն օգտին որոշում է կայացվել, ինձ մոտ երկակի զգացում է առաջանում. մեկը ուրախությունն է քաղաքացու համար, որ վերջիվերջո արդարությունը հաղթանակած դուրս եկավ, մյուսը ափսոսանքն է, որ ևս մեկ անգամ ՀՀ-ի դատական ատյանների անունը «վատ իմաստով» շոշափվել է եվրոպական դատարանների կողմից եզրակացություն կայացնելիս, որի հետևանքով ուղղակի, թե անուղղակի ընկնում է Հայաստանի վարկանիշը: Այո՛, ընկնում է, քանզի դրական լուծումը՝ ի դեմս բացասական լուծման, վկայում է, որ մեր դատարաններում ամեն ինչ այդքան էլ նորմալ չէ: Իսկ այն երկիրը, որի դատական ատյաններում լուրջ բացեր կան, չի կարող ունենալ բարձր վարկանիշ… Այս տողերս կարդացողներից շատերը կարող են ասել. «Շա՞տ չես չափազանցնում», սակայն, եթե խորը նայենք, կտեսնենք, որ ցավոք սրտի ես ճիշտ եմ: 
Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչպիսի գործեր են հայտնվում Եվրոդատարանում, ձեզ եմ ներկայացնում մի պատահական, օրինակ՝ ««ՀայՌուսգազարդ»-ի գործը կարող է հասնել Եվրոդատարան» հոդվածը: Պարզվում է, որ 2008թ. հոկտեմբերին Լոռու մարզում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմեր Սամվել Հարությունյանին պատկանող ջերմոցների գազամատակարարումը դադարեցվել է, որի արդյունքում վերջինս կրել է 44 մլն ՀՀ դրամի վնաս: Որպեսզի ձեզ չձանձրացնեմ երկար-բարակ նկարագրություններով, ձեզ եմ ներկայացնում հոդվածի վերջին տողերը, որտեղից պարզ է դառնում, որ Սամվել Հարությունյանը «ՀայՌուսգազարդ»-ի դեմ հայց է ներկայացրել, և առաջին ատյանի դատարանի վճիռը եղել է հօգուտ հայցվորի: Այսքանով գործը չի ավարտվել. «ՀայՌուսգազարդն» իր հերթին վերաքննիչ դատարան է դիմել, որտեղ որոշումը եղել է վերջիններիս օգտին: Այդուհանդերձ, փաստաբան Նազենի Վարդանյանը նշեց, որ իրենք պատրաստվում են վճռաբեկ դատարան դիմել և, եթե վճռաբեկ դատարանը չընդունի հայցը կամ հակառակ որոշում կայացնի, ապա կդիմեն նաև Եվրոդատարան:
Հ.Գ . Ու ի՞նչ է ստացվում. փաստորեն մենք չենք կարողանում նորմալ, մինչև վերջ պարզաբանել՝ ինչը ինչոց է, իսկ նույն Եվրոդատարանը ավելի ճշգրիտ է հա՞ աշխատում… Հարգելի դատավորներ, հարգելի մեղադրողներ, հարգելի փաստաբաններ, ձեր գործառույթները իրականացնելիս հնարավորինս ամեն ինչ արեք մաքսիմում ճշգրիտ, որպեսզի մեր երկիրը հնարովինս քիչ հիշատակվի վատ իմաստով…

replik.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել